Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռնիձորի դիրքում երեք 19-ամյա ժամկետային զինծառայողների մահը հակառակորդի դիվերսիայի հետևանք չէ. ՊՆ

Կոռնիձորի դիրքում  երեք 19-ամյա ժամկետային զինծառայողների մահը հակառակորդի դիվերսիայի հետևանք չէ. ՊՆ
Հայաստան
11:35, 19 август 2021
19-ամյա երեք ժամկետային զինծառայողները գիշերը մահացել են Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում, որտեղ տեղակայված են հայկական դիրքերը։ Հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում։ Այս տեղեկությունը Civic.am-ին փոխանցեցին պաշտպանության նախարարությունից։

Հարցին՝ ՀՀ ՊՆ-ն հերքո՞ւմ է այն վարկածը, որ երեք զինծառայողների միաժամանակյա մահը կարող էր տեղի ունենալ հակառակորդի կազմակերպած դիվերսիայի հետևանքով, նախարարությունից ընդգծեցին, որ նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ՝ 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։