Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչո՞ւ մինչև հիմա ձերբակալված չէ հրամանատարներից որևէ մեկը». Անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ

«Ինչո՞ւ մինչև հիմա ձերբակալված չէ հրամանատարներից որևէ մեկը». Անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ
Հայաստան
13:08, 19 август 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հանդիպում են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Մինչ այդ նրանք մոտ մեկ ժամ բողոքի ակցիա էին իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց:
Մինչև հանդիպումը հարազատներից մեկը, լրագրողների հետ զրույցում խոսելով վարչապետի հետ հանդիպումների մասին, ասաց՝ եղել են հանդիպումներ, որ տևել են 4-5 ժամ։

«Արդյունավետությունը կայանում է  նրանում, որ երբ ես փոխանցում  եմ ինֆորմացիան  և, ասենք, ասում եմ «Ցորի Դ-20-ի» երեխաների հետ կապված էս-էս ինֆորմացիան ունենք, դա փոխանցվում է։ Եվ հարցը ես բարձրացրեցի մի քանի անգամ, թե ինչո՞ւ մինչև հիմա ձերբակալված չի հրամանատարներից մեկը։ Այդ ժամանակ նոր քննիչներից Ռաֆայել Վարդանյանը ինձ և մյուս ծնողներին հրավիրեց, որ ցուցմունք տանք, և ցուցմունք տալուց հետո մինչև հիմա գործը քննում են»,- ասաց հարազատներից մեկը։
Նա համարում է, որ գործը քնեցրել են, քանի որ այս ընթացքում փոխել են չորս քննիչ։

Վերջինս նշեց, որ այս ամենի մեղավորներից է համարում նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար  Ջալալ Հարությունյանին. «Ես չեմ ուզում Ջալալի հետ հանդիպել, որովհետև հիմա ինքը ինչ պետք է անի, հիմա առաջնահերթը երեխաների մարմինները գտնելն է, հավանական ողջ երեխաներով զբաղվելը և իրենց պատժելը»։

Անհետ կորած զինվորի հարազատի խոսքով՝ իրենց որդիներն անհետացել են Հադրութի շրջանում, ողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարվել, սակայն արդյունք չի տվել. «Մինչ այսօր որևէ մեկը չի զանգել, հարցնի՝ եկե՞լ է երեխադ, թե՞ չէ, կարծես թե երեխա չեմ էլ ունեցել»,- ասաց հարազատներից մեկը, իսկ մյուսն էլ ավելացրեց. «Ցանկացած անհետ կորած զինվորի հարազատի մի հատ հարց տվեք՝ ո՞ր մեկին են այսքան ժամանակ զանգել և հետաքրքրվել՝ ի՞նչ վիճակում ենք»: