Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման դեպք

Կանխվել է դեղորայքի ապօրինի ներմուծման դեպք
Հայաստան
14:53, 20 август 2021
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում գտռնվող քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի խումբ անձինք, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), իրականացրել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:  

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի նախաքննության ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի  քննչական վարչության  և  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ Վ. Բ.-ն, հանդիսանալով Երևան քաղաքում գործող երկու դեղատան տնօրեն, 2021 թվականի փետրվարին առանց հատուկ թույլտվության, շահույթ ստանալու նպատակով զբաղվել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով շուրջ 300 անուն դեղորայքների ներկրմամբ և Հայաստանում դրանց իրացմամբ:

Այնուհետև, որոշակի չափով գումարի վճարման խոստումով, հիշյալ ապօրինի գործունեությանը վերջինս ներգրավել է իր մտերիմներին, որոնցից երկուսը իրենց կողմից վարվող բեռնատար ավտոմեքենայով Վրաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել են նշված դեղորայքները և հանձնել Վ.Բ-ի տնօրինմանը, իսկ մյուս երկուսը զբաղվել են ապօրինի եղանակով ՀՀ ներկրված դեղորայքների պահեստավորմամբ և իրացմամբ:
 ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների և  ԱԱԾ ծառայողների սերտ համագործակցության արդյունքում հստակեցվել են վերը նշված անձանց կողմից պլանավորված հաջորդ խմբաքանակ դեղորայքի ներմուծման ժամկետները և ամենօրյա համատեղ հսկողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել կանխել դեղորայքների՝ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծումը և հետագայում դրանց շրջանառությունն, ինչպես նաև՝ այլ կենցաղային իրեր, որոնք ներմուծվելուց հետո նույնպես հայտարարագրված չեն եղել:

Նախաքննությունը շարունակվում է: