Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը

Ալեն Սիմոնյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը
Հայաստան
15:59, 20 август 2021
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարևորել է Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձևավորված համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Նա կարևորել է Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
ԱԺ նախագահն ընդգծել է համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարևորել է բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան-Չինաստան հարաբերությունները:
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ: