Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմում զոհված սիրիահայ ապագա բժիշկ Կարոյի հայրը որդու անունով բարեգործական հիմնադրամ է բացել՝ իմաստավորելու և շարունակելու նրա կիսատ թողած գործը

44-օրյա պատերազմում զոհված սիրիահայ ապագա բժիշկ Կարոյի հայրը որդու անունով բարեգործական հիմնադրամ է բացել՝ իմաստավորելու և շարունակելու նրա կիսատ թողած գործը
Հայաստան / Հասարակություն
17:52, 20 август 2021
44-օրյա պատերազմում զոհված սիրիահայ զինծառայող Կարո Հովագիմյանի հայրը որդու անունով բարեգործական հիմնադրամ է բացել և հիմնադրամի անունից  ֆեյսբուքյան էջում գրառում կատարել․

«Հարգելի բարեկամ՝
Ողջունում ենք ձեզ և ներկայացնում «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի պատմությունը։ Հիմնադրամը ստեղծվել է ժամանակի ծանր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող հանգամանքների առկայության պայմաններում։
Հիմնադրամը կրում է մերօրյա հերոս՝ սերժանտ Կարո Սարգիսի Հովակիմյանի անունը, ով արցախյան 3-րդ՝ 44-օրյա պատերազմի անմահ նահատակներից է։ Կարոն ծնվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում 2000թ․-ին։ 2003 թ․-ին ծնողների հետ հայրենադարձել է Հայաստանի Հանրապետություն։ Նախնական կրթությունը ստացել է Երևան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 2 դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։ Ավարտական դասարանը ավարտել է Գևորգ Էմինի անվան դպրոցում։ 2018թ-․ին ընդունվել է ԵՊԲՀ-ի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը։ Ցավոք, ուսումը մնացել է անավարտ՝ կյանքը նվիրելով հայրենիքին։

Կարոն ակտիվ և տոկուն երիտասարդ էր, ով համատեղելով կրթությունը հաճախում էր հայկական ազգագրական պարերի դասընթացների, Արևելյան մարտարվեստի և կիթարի պարապմունքների։

2019 թ․-ի հունվարին զորակոչվել է Հայոց բանակ և ծառայությունը իրականացրել է որպես բուժակ։ Գերազանց և կարգապահ ծառայության համար արժանացել է սերժանտի զինվորական կոչման։

Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից կատարել է հայրենիքի և զինակից ընկերների հանդեպ իր պարտքը։ Նահատակվել է 2020թ.-ի հոկտեմբեր 10-ին, Հադրութի համար մղված մարտերում:

Փորձելով իրենց վիշտը հաղթահարել՝ անմահ հերոսի ծնողները որոշել են ստեղծել «Կարո Հովագիմյան Բարեգործական» հիմնադրամը՝ իմաստավորելու և շարունակելու ապագա բժիշկ Կարոյի կիսատ թողած գործը՝ բժշկելու առաքելությունը։

Այդ նպատակի համար ներդրվել են պետության կողմից տրամադրված զոհված զինվորի աջակցության, թոշակի և մահվան նպաստի բոլոր գումարները, ինչպես նաև՝ Կարոյի մահվան առիթով հավաքված մասնավոր այլ գումարային նվիրատվությունները՝ այդ բոլորը ծառայացնելով բարեգործության նպատակին։

Շուտով տեղի կունենա պաշտոնական բացումը։

Հիմնադրամին ուղղված հարցերի համար կարող եք զանգահարել 095-44-44-20 հեռախոսահամարով»։