Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը»․ Անահիտ Ավանեսյան

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը»․ Անահիտ Ավանեսյան
Հայաստան
17:58, 20 август 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային  հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ: 

Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեդոթները մշակելու և կիրառելու մարտավարությունը:

Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ հիվանդանոցային օղակում իրավիճակը դեռևս վերահսկելի է, նաև անդրադարձել  արտաքին և ներքին մարտահրավերներին` կապված համաշխարհային ցուցանիշների բարձրացման հետ, խոսել դեղորայքի և անհրաժեշտ այլ բժշկական պարագաների մատակարարման խնդիրների, վերապրոֆիլավորված կենտրոնների ծավալների ու կազմակերպչական աշխատանքների մասին: 

Մասնագետները նշել են, որ տարածաշրջանում COVID-19-ի ահագնացող աճի միտում կա` ուղեկցված նոր շտամների ծանր ընթացքի և հիվանդության երիտասարդացման բարդություններով, ուստի պետք է պատրաստ լինել և այս ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնել` սպասվող առաջիկա ալիքին հնարավորինս դիմակայելու նպատակով: 

«Արդեն իսկ խստացվում են հակահամաճարակային կանոնների կիրարկման պահանջները, դրա նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է աշխատենք առողջապահական համակարգում` առաջնային օղակում,  շտապ բժշկական օգնության ծառայությունում, պետական և մասնավոր բուժհիմնարկներում այդ պահանջին խիստ հետևողական լինելու ուղղությամբ: 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր հերթին հստակ հանձնարարականներ ունի փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու առնչությամբ, ինչը, թերևս, կօգնի զսպելու վարակի տարածումը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը: