Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ մենք ևս պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության ու հանրապետության հարատևության երաշխավորը․ Սուրեն Պապիկյան

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ մենք ևս պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության ու հանրապետության հարատևության երաշխավորը․ Սուրեն Պապիկյան
Հայաստան
12:20, 23 август 2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«1990թ. այս օրը Անկախության հռչակագրի ընդունումով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացը:

Միջազգային իրավունքի սկզբունքներից և ժողովրդավարական արժեքներից բխող դրույթների կենսագործումը, որոնք ամրագրված են երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթում, Հայաստանի Հանրապետությանը չտրվեց խաղաղ պայմաններում: 31 տարի առաջ շրջադարձային դարձած այս օրը զոհողություններ պահանջող պայքարի  մեկնարկ էր, պայքար, որ շարունակվում է մինչ օրս:

Վերջին ամիսների մարտահրավերները ևս Հայաստանի Հանրապետությանը ենթարկեցին բարդ փորձությունների: Եվ չնայած այդ ամենին՝  Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատուն կերպով մնալ օգոստոսի 23-ի հռչակագրի հիմնարար սկզբունքների կրողը:

Այսօր եվս խոնարհվում եմ մեր բոլոր հայորդիների առջև, ովքեր հայրենիքի նկատմամբ բարձր պատասխանատվության գիտակցմամբ վերստին նվաճեցին ու պաշտպանեցին մեր անկախ ապրելու իրավունքը: 

Համազգային համերաշխությամբ և միասնությամբ մենք ևս պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության ու հանրապետության հարատևության երաշխավորը: Միասին մենք կառուցելու ենք մեր բարեկեցիկ, անվտանգ և զարգացող ապագան.

Ի շահ մեր պետության

Ի բարօրություն մեր հայրենիքի:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյան»։