Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն դեռ տեղեկություն չունի նախօրեին մառախուղի պատճառով սահմանից կորած զինծառայող Արթուր Դավիդյանից

ՊՆ-ն դեռ տեղեկություն չունի նախօրեին մառախուղի պատճառով սահմանից կորած զինծառայող Արթուր Դավիդյանից
Հայաստան
13:15, 24 август 2021
Նախօրեին սահմանային զորամասից կորած ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանից ՊՆ-ն մինչ այժմ որևէ տեղեկություն չունի։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին նախարարությունից։ 

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 22-ին, ժամը 21-ի սահմաններում Դավիդյանը դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողը մոլորվել է մառախուղի պատճառով։ 

Այսպիսով՝ պաշտպանության նախարարությունը հրապարակեց վերջին ամիսներին սահմանային զորամասերից անհետ կորած արդեն 4-րդ զինծառայողի մասին։ 

Նշենք, որ ըստ ՊՆ հաղորդագրությունների՝ մոտ երկու ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սև լճի հատվածից անհետ կորել էին երկու զինծառայողներ, որոնք զինվորական ավտոմենքենայով էին եղել՝ Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը։  Իսկ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Վարդենիսի զորամասը լքել և անհետացել էր Նարեկ Մկրտչյանը։

Civic.am-ին Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ անհետ կորած Արթուր Դավիդյանի, Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, բայց նախարարությունը չի բացառում ադրբեջանական կողմում հայտնված լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է Վարդենիսի զորամասը լքած և անհետացած Նարեկ Մկրտչյանին՝ ՊՆ-ից խոստացան իր մասին ճշտել և մեզ տեղեկացնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները հատել են ՀՀ պետական սահմանը, առաջացել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում և տեղակայել դիրքեր։