Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերն ընդդեմ մյուսների. նա ցանկանում է, որ իրեն օտարվի ԶՊՄԿ-ի 75 տոկոսը․ 1lurer.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետերն ընդդեմ մյուսների. նա ցանկանում է, որ իրեն օտարվի ԶՊՄԿ-ի 75 տոկոսը․ 1lurer.am
Հայաստան
14:37, 25 август 2021
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12.4 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը, որի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, դատական երկու հայցեր է ներկայացրել կոմբինատի ու նրա մյուս բաժնետիրոջ դեմ։ Զուրաբովը պահանջում է համապատասխան առքուվաճառքի գործարքը, որով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հետ է գնել կոմբինատի բաժնետոմսերի շուրջ 75 տոկոսը, անվավեր ճանաչել։

«Զանգեզուր մայնինգի» շահերը դատարանում հուլիսից ներկայացնում է «Կոնցեռն դիալոգ» ընկերությունը, մասնավորապես՝ փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Նարինե Բեգլարյանը։ Միխայիլ Զուրաբովը պղնձամոլիբդենայինում բաժնեմաս ձեռք էր բերել 2020-ին՝ «Զանգեզուր մայնինգի» և Կիպրոսում գրանցված Wanlort Finance Limited ընկերության միջոցով։ Հետագայում կոմբինատը գերմանական «Քրոնիմետ մայնինգից» ու մեկ այլ բաժնետեր՝ «Մաքուր երկաթի գործարանից» հետ գնեց բաժնետոմսերը՝ ունենալով 75 տոկոսի բաժնետոմսեր (41.2 միլիարդ դրամի)։ Ինչպես վերը նշեցինք, մյուս 12.4 տոկոսի բաժնետերը Զուրաբովն է, իսկ ևս 12.5 տոկոս պատկանում է «ԱՄՓ հոլդինգ» ընկերությանը, որի բաժնետերերն են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, ԶՊՄԿ նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն ու Գուրգեն Ամբարյանը՝ Պոլոսկովի տեղակալը։

«Զանգեզուր մայնինգն» այժմ դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԶՊՄԿ-ի 75 տոկոսի առքուվաճառքի գործարքը, քանի որ մինչ նման գործարքի կայացումը նախապատվության իրավունքով իրենց պիտի առաջարկվեր գնել բաժնետոմսերը. «Դատարանից խնդրում ենք նախապատվության իրավունքի հիման վրա ԶՊՄԿ-ից հետ վերցնել 75 տոկոսի բաժնետոմսերն ու վաճառել «Զանգեզուր մայնինգին»,- «Լուրերին» ասաց ընկերության շահերի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ թեև ներկայում կոմբինատի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է հենց ԶՊՄԿ-ին, սակայն դրանք «չքվեարկող» բաժնետոմսեր են. «Իրականում չնայած ֆիզիկապես գոյություն ունեցող բաժնետոմսեր են 75 տոկոսը, սակայն կառավարման տեսանկյունից ընկերության կառավարմանը մասնակցում են մյուս երկու բաժնետերերի բաժնետոմսերը, երբ ընկերությունը տիրապետում է ինքն իր բաժնետոմսերին, այլևս չի կարող քվեարկել»,- նշեց Բեգլարյանը։ Վերջինիս խոսքով՝ ԶՊՄԿ-ին պատկանող 75 տոկոսի բաժնետոմսերը, օրենսդրության համաձայն, ժամանակի ընթացքում կամ պետք է վաճառվեն մեկ այլ անձի, կամ պետք է մարվեն։

«Զանգեզուր մայնինգի» կողմից մյուս հայցը ներկայացված է «ԱՄՓ հոլդինգի», «Սթար դասթ» ՓԲԸ-ի ու սեփականատերերի՝ Մհեր Պոլոսկովի, Կարեն Հակոբյանի ու Նարեկ Ամբարյանի դեմ (տիրապետում են ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12.5 տոկոսը). «Այս հայցը առնչվում է «ԱՄՓ հոլդինգ» ընկերության կողմից կոմբինատում մասնակցության անուղղակի իրացմանը, որի դեպքում, ըստ մեր պնդման, նույնպես պետք է կիրառելի լինի նախապատվության իրավունք»,- ասաց Բեգլարյանը։ Այլ կերպ ասած՝ «Զանգեզուր մայնինգը» դատարանից պահանջում է, որպեսզի կոմբինատի մյուս բաժնետեր «ԱՄՓ հոլդինգը», դրա հետ կապակցված «Սթար դասթ» ՓԲԸ-ն, Մհեր Պոլոսկովը, Կարեն Հակոբյանն ու Նարեկ Ամբարյանը կոմբինատի 12.5 տոկոս բաժնետոմսերը վաճառելու դեպքում նախևառաջ գնման նախապատվությունը տան Զուրաբովի ընկերությանը։

Այս գործով արդեն հայցի ապահովման միջոց է ընտրվել ու արգելանք է դրվել «Սթար դասթ» ընկերության բաժնեմասի վրա։ «Լուրերը» նախկինում անդրադարձել էր այդ արգելանքին։

ԶՊՄԿ պաշտոնական կայքում դատական գործընթացների մասին տեղեկություններ դեռևս առկա չեն։

Ազբյուր՝ 1lurer.am