Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան-Գորիս ավտոճանապարհի փակ հատվածում հայտնված բոլոր մեքենաները շարունակել են ճանապարհը, այս պահին ճանապարհը կրկին փակ է․ Սյունիքի փոխմարզպետ

Կապան-Գորիս ավտոճանապարհի փակ հատվածում հայտնված բոլոր մեքենաները շարունակել են ճանապարհը, այս պահին ճանապարհը կրկին փակ է․ Սյունիքի փոխմարզպետ
Հայաստան
11:18, 26 август 2021
Երեկ՝ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Կապան-Գորիս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ»,- այսօր Civic.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։ 

Մարզպետի տեղակալը նշեց նաև, որ գիշերը հայ սահմանապահները և ռուս խաղաղապահները ադրբեջանցի զինվորների հետ հանդիպել են և պայմանավորվել են այսօր եռակողմ բանակցություններ ունենալու մասին։ 

«Այն ավտոմեքենաները, որոնք մնացել էին փակ հատվածում մեր սահմանապահների և խաղաղապահների ուղեկցությամբ դուրս են եկել փակ տարածքից՝ շարունակելով իրենց ճանապարհը»,- հավելեց Նարեկ Բաբայանը։  

Նշենք, որ երեկ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել՝ իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի խոսքով՝  ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ իրենց նշած միջադեպով է պայմանավորված՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակ պահելը։ 

Հիշեցնենք, որ ըստ ՄԻՊ հայտարարության, երեկ գիշերը ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվել են բացել: 

«Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝  երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:
Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ»․ - գրել է ՄԻՊ-ը։

Նարա Մարտիրոսյան