Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհը շարունակվում է փակ մնալ, գյուղացիներին ամենագնացներով են սնունդ մատակարարում շրջափակված գյուղեր

Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհը շարունակվում է փակ մնալ, գյուղացիներին ամենագնացներով են սնունդ մատակարարում շրջափակված գյուղեր
Հայաստան
12:04, 27 август 2021
Օգոստոսի 25-ի գիշերվանից մինչ այժմ Գորիսի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը շրջափակման մեջ են՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհը Ադրբեջանի զինծառայողների կողմից փակելու պատճառով։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը։

Փոխհամայնքապետի խոսքով նշված գյուղեր կարողացել են հաց մատակարարել գյուղացիների օգնությամբ․ «Գյուղացիների, գյուղապետի օգնությամբ իրենց ամենագնացներով անտառային անանցանելի ճանապարհով հաց է մատակարարվել գյուղեր։ Այդ ճանապարհը Տաթև-Աղվանի ճանապարհի հատվածն է։ Մեծ աշխատանքներ պետք է կատարվի, որ այդ միակ ճանապարհը վերանորոգվի և ճանապարհներ սարքվի գյուղի համար։ Սահմանապահների համար էլ է ճանապարհը փակ, մենք իրենց էլ ինչով կարողանում ենք օգնում ենք»։

Կարո Քոչարյանը շեշտեց, որ թեպետ երեկ բանակցություններ ընթացան, սակայն հակառակորդը ճանապարհները չի բացել․ «Կարծես ցանկություն էլ չունի բացելու»։  

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ  օգոստոսի 25-ին ժամը 23:00-ից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: 

Իսկ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն էլ տեղեկություն էր տարածել՝ իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:

Երեկ ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելուն։ Նա հիշատակեց, որ դեռևս 2020թ․ դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ ըստ որի Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 21 կմ հատվածն անցնում է վիճարկելի տարածքով, և ռուս սահմանապահ ուժեր են տեղակայվել անխափան երթևեկությունն ապահովելու համար։ Վարչապետը նաև ընդգծեց, որ Խորհրդային միության քարտեզներով այդ հատվածները Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել և ադրբեջանցիները այդ հատվածներն են փակել։ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը պատճառաբանում է, իբր հայ զինվորի կողմից իրենց զինվորին դանակահարելու միջադեպով է պայմանավորված՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակ պահելը ։
 
Նարա Մարտիրոսյան