Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանական մեքենաների՝ Երևան հասնելու խնդիրը այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, որը իհարկե հարմար չէ խոշոր բեռնատարների համար»․ Վահան Քերոբյան․ Տեսանյութ

Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով Իրանից եկող բեռնատարների՝ Հայաստան մուտքի խոչընդոտներին նշեց, որ իրենց այդ հարցը մտահոգում է և նշեց, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու են այդ հարցի լուծման համար բոլորը ընդգրկված են այդ հարցի լուծման մեջ և կարծիք հայտնեց, որ շուտով հարցը լուծում կստանա։ «Իհարկե ՀՀ սահմանը սկսվում է Մեղրիից և իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն։ Խնդիրը Երևան հասնելու հետ է։ Այդ խնդիրը այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, բայց, իհարկե, այդ ճանապարհը հարմար չէ և նախատեսված չէ խոշոր բեռնատարների անցման համար, ամեն դեպքում այդ ճանապարհը այսօր աշխատում է։ Մենք ամեն ինչ անում ենք ճանապարհը օր առաջ բացելու համար։ Ինչքանով, որ ես եմ տեղյակ, հենց այս պահին էլ ինտենսիվ եռակողմ բանակցություններ են գնում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչների միջև։ Հարցերը լուծելու տարբեր մեթոդներ կան, և այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնում է, որ հարցերը պետք է լուծել ոչ ուժային մեթոդներով, չնայած, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա մենք բոլորս պատրաստ ենք կանգնել հայրենիքի պաշտպանության գործին», - ասաց Վահան Քերոբյանը։

Քերոբյանը նշեց, որ ուժի դիմում են այն ժամանակ, երբ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակները սպառվում են։

Քերոբյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության վարչությունում քննարկում է եղել, որպեսզի ապահովեն Սյունիքում այն շրջանների բնակչության պարենային անվտանգությունը, որոնց կապը կտրվել է մարզկենտրոնի հետ։ Այս պահին, ըստ Քերոբյանի, այդ խնդիրները լուծվում են շրջանցող ճանապարհների միջոցով։

«Կառավարության ծրագիրը ներառում է շատ զանգվածային միջոցառումներ տնտեսական բարեփոխումների հատվածում։ Այդտեղ առաջինը ընդգրկված է հողի ռեֆորմներ, ջրի ռեֆորմներ, քաղաքաշինության ոլորտում ռեֆորմներ։ Ունենք ենթակառուցվածքների խոշոր ներդրումներ, ջրամբարներ, արդյունաբերական գոտիներ և մասշտաբային օժանադակություն ներդրողներին, մոտ 80 մլրդ դրամ ենք հատկացնելու մշակող արդյունաբերությանը, ինչպես նաև մեծ շեշտադրում է դրվելու երկրի արտադրողականության բարձրացմանը», - ասաց Վահան Քերոբյանը։

Անդրադառնալով հեղուկ վառելիքի խնդրին Քերոբյանը նշեց, որ խնդրին ծանոթ են։ Արդեն որոշակի գնի իջեցում, ըստ Քերոբյանի, կա։ Որոշ գազալցակայաններում գինը որոշակի իջել է՝ 280-ից 240 դրամ։