Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից
Հայաստան
18:03, 27 август 2021
Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ոչ պաշտոնական լուրեր տարածվեցին, համաձայն որի՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Րոպեներ անց միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Միջադեպի մասին պաշտոնյաներից առաջինն արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածեց ԱԱԾ-ն։

Երեկ համացանցում տարածվեց լուսանկար՝ մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «թուրքերը Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են»։ Լուսանկարը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը։ Այն տարածել են ավելի քան 270 օգտատեր։ Նշված հրապարակումը տարածել են Blognews.am և Azgonline.am կայքերը։

Տարածված լուսանկարը, սակայն, նոր չէ և Գորիս-Կապան ճանապարհին չէ։ Yandex որոնման համակարգով նկարը որոնելիս հնարավոր եղավ գտնել լուսանկարի տեղանքը և ամսաթիվը։


Առաջին նկարը տարածվող լուսանկարն է՝ մեկնաբանությամբ, թե «թուրքերը կանգնած են Գորիս-Կապան ճանապարհին», երկրորդ նկարը որոնման արդյունքում հայտնաբերվածն է։

Բացի սրանից հնարավոր եղավ հայտնաբերել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա այլ նկարներ։ Համաձայն ՌԴ ՊՆ կայքի՝ Ռուս խաղաղապահները վերահսկել են եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման գործընթացը և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Լուսանկարները հրապարակվել են 2020 թվականի նոյեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հաջորդ օրը։

Այսպիսով՝ տարածվող լուսանկարը 2020 թվականի նոյեմբերի 25-ի է և ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհից է, այլ Քարվաճառի շրջանից։

Աղբյուր՝ infocom.am