Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էյվազլի և Չայզամի բնակավայրերն առանձին բնակավայրեր էին և կապ չունեն հայկական Շուռնուխի և Որոտանի հետ․ պատմաբան

Էյվազլի և Չայզամի բնակավայրերն առանձին բնակավայրեր էին և կապ չունեն հայկական Շուռնուխի և Որոտանի հետ․ պատմաբան
Հայաստան
19:09, 27 август 2021
Արդեն մոտ 2 օր է՝ Ադրբեջանի զինծառայողները փակել են Կապան-Գորիս տանող միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ 

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հատվածները Խորհրդային Միության տարիների քարտեզով Հայաստանի տարածքից դուրս են եղել։ Իսկ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը ադրբեջանական անվանումներով ներկայացրեց ադրբեջանական զինուժի կողմից փակված տարածքները․«...Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։

Վարչապետի խոսքից հետո թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում սկսվեցին հրապարակումներ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածն ադրբեջանական անվանումներով է նշել։ Նույնիսկ որոշ հրապարակումներում էլ ադրբեջանական այդ անվանումները վերագրվեցին հայկական Շուռնուխ և Որոտան գյուղերին։
Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Թոխատյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ 1974թ. խորհրդային քարտեզով՝ Կապան-Գորիս տանող միջպետական ճանապարհը անցել է Էյվազլիի և Չայզամիի միջով, սակայն Չայզամին հայ-ադրբեջանական սահմանի հատման տեղում էր, իսկ Էյվազլին՝ ադրբեջանական կողմում: 

Գիտաշխատողը, հիշատակելով 1974թ. խորհրդային քարտեզը, ասաց, որ ադրբեջանական անվանումներով Էյվազլի և Չայզամի բնակավայրերն առանձին բնակավայրեր էին և շատ մոտ չէին հայկական Շուռնուխ ու Որոտան բնակավայրերին․«Գորիսի ճանապարհն անցնում է Քարահունջ գյուղով, այնուհետև մտնում է ադրբեջանական անվանումով Էյվազլի կոչվող գյուղ, հետո՝ Որոտան, որտեղ Տաթև ՀԷԿ-ն է, և այդտեղից սկսվում են շրջադարձերը, մոտ 15 հատ, դեպի Կապան։ Այնուհետև ճանապարհը Որոտանից բարձրանում է վերև և հասնում է Շուռնուխ, անցնում է Շուռնուխը և իջնում դեպի մի գետ, որի անունը Չայզամի է։ Չայզամին և՛ գետ է, և՛ փոքր բնակավայր»։   
Գիտաշխատողի խոսքով՝ այն ժամանակ ադրբեջանական անվանումով փոքրիկ բնակավայրեր Չայզամիում և Էյվազլիում հայտնի չէ, թե ովքեր են ապրել, այսինքն՝ ազգային կազմը հայտնի չէ։ 

Կարեն Թոխատյանը Civic.am-ին քարտեզներ է տրամադրել՝ 1950թ., 1974թ., ինչպես նաև 2000-ականների Սյունիքի մարզի քարտեզը։  Վերջին քարտեզում բոլոր բնակավայրերը հայկական անվանումներով են։ 

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի նկրտումներին Հայաստանի սահմանների նկատմամբ, ապա աշխարհում տասնյակ երկրներ կան, որոնք միմյանց նկատմամբ ունեն սահմանային հավակնություններ։ Սակայն, ըստ Արմեն Հովհաննիսյանի, բանակցություններից զատ՝ ոչ մի երկիր թույլ չի տալիս, որ որևէ այլ երկրի զինվոր իր ոտքը դնի իր երկրի տարածքի վրա, որը նա փաստացի վերահսկում է։ 

Քաղաքագետը նշեց նաև, որ խոսակցություններ եղել են, որ Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի մի կտոր սովետական տարիներին եղել է ադրբեջանական մաս. «Բայց ես ասում եմ, որ դա ծայրահեղ պայմանականություն է, մենք դրանից հետո 3 պատերազմ ենք տեսել, և այդ պատերազմի արդյունքները չեն արտացոլում սովետական սահմանները։ Եթե սովետական սահմաններն արտացոլեին, ապա Շուշին և Հադրութը պետք է լինեին Լեռնային Ղարաբաղի անբաժան մաս։ Հետևաբար դա նշանակում է, որ սա այսօր նոր իրողություն է։ Վիճելի տարածքները պետք է վիճարկվեն միջազգային ատյաններում՝ դատարանում և փոխադարձ բանակցություններում»։    
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը երեկ ԱԺ-ում հիշատակել էր 44-օրյա արցախյան պատերազմից հետո ՀՀ ՊՆ-ի 2020թ․ դեկտեմբերի 19-ի հայտարարությունը, ըստ որի՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածը վիճելի է, և այնտեղ նաև ռուս սահմանապահներ են տեղակայվել՝ անխափան ընթացքն ապահովելու համար։  


Նարա Մարտիրոսյան