Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակներ է փնտրում. Միրզոյանը` Բորելին

Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակներ է փնտրում. Միրզոյանը` Բորելին
Հայաստան
15:44, 13 февраль 2024
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։ 

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։ 

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։ 

Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակներ է փնտրում և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:

Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։