Քաղաքացիակենտրոն
լրատվություն

200-ից ավելի հայ գերիների վերադարձը մերժող Ալիևի վրա պետք է ճնշեն ՄԻԵԴ-ը, ՌԴ-ն ու միջազգային հանրությունը. իրավապաշտպան

200-ից ավելի հայ գերիների վերադարձը մերժող Ալիևի վրա պետք է ճնշեն ՄԻԵԴ-ը, ՌԴ-ն ու միջազգային հանրությունը. իրավապաշտպան
Հայաստան
17:05, 27 февраль 2021
«Հայ գերիների մասին Ալիևի հայտարարության համար քաղաքական նախադրյալներ եմ բացառապես տեսնում: Որոշակիորեն արձագանքում է Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը սակարկում է գերիների հարցը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Հայաստանին են վերադարձվել բոլոր գերիները, և որ Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»։

Ըստ փաստաբանի՝ Ալիեւը գնում է լրիվ մերժողական ճանապարհով, երբ ասում է, որ այլևս Հայաստանին վերադարձնելիք որևէ անձ չկա: Հայկական կողմը ապացույցներ ունի, որ Ադրբեջանում 200-ից ավելի հայ գերիներ կան: «Նման հայտարարության համար քաղաքական նախադրյալներ եմ բացառապես տեսնում: Որոշակիորեն արձագանքում է Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը սակարկում է գերիների հարցը: Քանի որ հրապարակային թիրախավորում են ադրբեջանական իշխանությունների գործողությունները, հրապարակային դաշտում ստանում են կոշտ, մերժողական արձագանք»,- ասաց փաստաբանը։ 

Սահակյանի խոսքով՝ նման գործելակերպը անընդունելի է, իր մեջ պարունակում է պատերազմական հանցագործության տարրեր, և ընդամենը պետք է հետևողական լինել, որպեսզի ՄԻԵԴ-ը արագ հետամուտ լինի այս անձանց կարգավիճակի ստուգմանը և պարտավորեցնի Ադրբեջանին՝ որպես ռազմագերիներ վերադարձվեն: «Այստեղ կարիք կլինի, որպեսզի դատական գործընթացների շրջանակներում հիմնավորվի նրանց հենց ռազմագերի լինելը, իսկ ես որևէ կասկած չունեմ, որ նշված անձինք բացառապես համարվում են ռազմագերիներ», - հավելեց նա։

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած գործողություն, որը միտված է լինելու Ադրբեջանում պահվող  մեր հայրենակիցների կարգավիճակի փոփոխությանը, ընդամենը կեղծարարություն է և՛ իրավունք, և՛ աղերսներ չունի: «Եթե այս գործընթացները արագ կերպով իրականացվեն, մենք բոլոր դեպքերում փակուղում չենք. նշված անձինք կվերադաձվեն, բայց իրավական, դատական վճիռների հիման վրա, ուղղակի սա շատ ժամանակատար պրոցես կլինի: Ցանկալի կլիներ, որ դիվանագիտական, քաղաքական աշխատանքի արդյունքում Ադրբեջանը իր պարտականությունները կատարեր, և ստիպված չլինեինք բացառապես դատական ակտերի միջոցով ապահովել մեր քաղաքացիների իրավունքների իրականացումը»,- նշեց նա։
Մեր հարցին՝ ռազմագերիների հարցով այս պահին ի՞նչ գործընթաց կա ՄԻԵԴ-ում, Սահակյանը ասաց․ «Եվրոպական դատարանը բնականաբար արդեն իսկ ներգրավված է ռազմագերիների իրավունքների պաշտպանության խնդրով: Ադրբեջանը դեռ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել դատարանում կարգավիճակի փոփոխության առնչությամբ: Ուստի մենք այս պահին ելնում ենք այն ելակետից, որ գործ ունենք ռազմագերիների հետ, որոնք ենթակա են անհապաղ վերադարձման՚: 

Քանի որ ձգձգումներ են լինում, Սահակյանի խոսքով, իրենք փորձում են դատարանին նամակագրությամբ խնդրել, ստիպել, պահանջել, որպեսզի հարցը ուղարկի նախարարների կոմիտե և ներգրավվենք Եվրոպայի խորհրդի քաղաքական կառույցներին, որ արագ կերպով ճնշումներ, ներգործություն դրսևորեն Ադրբեջանի նկատմամբ և դրական տեղաշարժեր ապահովեն: 

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանում միայն մեր այն հայրենակիցներն են, ովքեր գերի են ընկել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Սահակյանը արձագանքեց․ «Ոչ միայն: Ադրբեջանում պահվում են նաև մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված և դասական առումով ռազմագերու կամ քաղաքացիական գերու կարգավիճակ ունեցող անձինք: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը չի վերաբերել բացառապես Խծաբերդի տղաներին: Այն շատ ավելի լայն է. ներառում է նաև մինչև պատերազմը, պատերազմի ավարտը գերեվարված անձանց»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանը պետք է բոլոր քայլերը ձեռնարկի այդ հայտարարության շրջանակում, որը ընդունվել է նոյեմբերի 9-ին: «Եվ այնտեղ, գիտենք, որ հստակ կետեր կան նաև գերիների հետ կապված, բայց մենք գիտենք, որ ժամկետներ չկան սահմանված՝ ինչ ժամկետներում պետք է վերադարձվեն գերիները, և ըստ այդմ` Ադրբեջանը չարաշահում է իր պարտավորությունները՝ փորձելով իր համար ցանկալի ձևով օգտագործել՝ գերիներին շահարկելով ինքն իր պահանջների հետ համադրելով այսպես ասած»,- կարծիք հայտնեց նա։

Բայց այստեղ, ըստ իրավապաշտպանի, մեկ խնդիր կա, որ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը միջնորդ է հանդես գալիս և ստանձնել է պարտավորություններ: «Նա նաև երաշխավոր է: Այստեղ շատ մեծ դեր ունի Ռուսաստանի կեցվածքը, թե ինչ է նա անում այդ ուղղությամբ: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը ուղղակի հիմա շատ կախված է Ռուսաստանից և իշխանություններից մենք սուր հայտարարություններ չենք լսում կամ պահանջներ: Այդքանը կարող եմ ասել, ուղղակի պետք է իշխանությունները Ռուսաստանից կարողանան պահանջել ,որպես միջնորդի, լուծումներ գտնել այդ խնդրի համար»,- ասաց իրապաշտպանը։
Նրա խոսքով՝ սա մարդկային խնդիր է, մարդիկ չեն կարող այնտեղ մնալ գերության մեջ և որ Պուտինը անձամբ էր հայտարարել, որ ինքը միջնորդ է, իրենք աջակցելու են այս խնդրում, բայց մենք չենք տեսնում հիմա, որ իրենք աջակցում են:  

«Կարող են ճնշում գործադրել. Ադրբեջանը ևս Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է: Ընդհանրապես միջազգային կառույցները կարող են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա իր պարտավորությւոնները չկատարելու համար, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները կարող են ազդել: Միջազգային հանրությունը, այսպես ասած, կարող է մեծ ազդեցություն ունենալ և ուրեմն հատուկ անդրադառնալ գերիների խնդրին»,- ասաց նա հավելելով, որ պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպությունները, այդ հեղինակավոր կառույցները բավականին չեզոք դիրք էին բռնել, բայց հիմա գոնե սա մարդկային հարց է և ժամ առաջ պետք է մեր գերիները վերադարձվեն, և սա ևս իշխանությունների անելիքն է», - ավելացրեց իրավապաշտպանը։

Գեղամ Ադյան