Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոթքի և Կութի հարևանությամբ բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՊՆ-ից հայտնում են՝ իրավիճակն այժմ հանգիստ է

Սոթքի և Կութի հարևանությամբ բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՊՆ-ից հայտնում են՝ իրավիճակն այժմ հանգիստ է
Հայաստան
15:43, 30 август 2021
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարում են՝ Գեղարքունիքի սահմանամերձ երկու գյուղերի հարևանությամբ հրդեհը սկսվել է ադրբեջանական կողմից։

Այս մասին ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանը ( ՄԻՊ)՝ գրելով, թե երեկ առավոտյան ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհել են Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող հայկական արոտավայրերը։ Արման Թաթոյանը նշում է՝ հրդեհների հետևանքով պարզապես ոչնչացվում են հայկական գյուղերի արոտավայրերն ու խոտհարքները։ Օմբուդսմենի տպավորությամբ՝ ադրբեջանական ուժերն այսպիսի գործողությունների են դիմում բնակչությանը վախեցնելու նպատակով։

Հրդեհը տարածվել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց երկրորդ բանակային կորպուսի ներկայացուցիչը. «Մենակ մեր կողմը չի եղել, որ ասենք մենակ մեր կողմն էր, բաց տարածք էլի չի, աչքաչափով նայում ենք, նենց չի, որ մենք կարողանանք բարձրանանք, չափենք, ասենք՝ էսքան հեկտար եղել է»:

Հայկական կողմից հրդեհը մեկուսացվել է՝ փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սահմանամերձ այս շրջանում իրավիճակն այժմ հանգիստ է, կրակոցներ չկան։

«Ազատությունը» փորձում է կապ հաստատել Սոթքի ու Կութի համայնքապետերի հետ, սակայն, նրանց հեռախոսները կամ անջատված են, կամ էլ զանգերին չեն պատասխանում։

Միտումնավոր հրդեհների մասին սա առաջին հաղորդումը չէ, շաբաթներ առաջ էլ ՄԻՊ-ը հայտնել էր՝ ադրբեջանական ուժերը Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ են տարածքներ են հրդեհել։

Հայկական կողմը հաղորդել էր նաև Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ նախորդ կեսգիշերից հետո շուրջ երկու ժամ տևած ինտենսիվ հրաձգության մասին։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմից տուժածներ չեն եղել, իսկ կրակը դադարեցրել են, երբ ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապօգնության մեքենան։ Ադրբեջանական կողմը ավելի ուշ հերքել է հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և զոհերի մասին տեղեկատվությունը` հայտարարելով, որ դա «բացարձակ սուտ է»: