Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածում կան և՛ ռուս, և՛ հայ սահմանապահներ. երթևեկությունը ողջ թափով վերականգնվել է․ Սյունիքի մարզպետի տեղակալ

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածում կան և՛ ռուս, և՛ հայ սահմանապահներ. երթևեկությունը ողջ թափով վերականգնվել է․ Սյունիքի մարզպետի տեղակալ
Հայաստան
17:37, 30 август 2021
«Գորիս-Կապան միջպետական ճանապարհին և՛ ռուս սահմանապահներն են կանգնած, և՛ հայ։ Ճանապարհի այն 21 կմ հատվածը, որն օրերս Ադրբեջանի զինծառայողները փակել էին, այդտեղ ևս հայ սահմանապահներ կան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ, Գորիսի բնակիչ Կարո Ավանեսյանը։ 

Մարզպետի տեղակալի խոսքով՝ ինքը գիշերը ժամը 22։00-ին Գորիսից գնացել է դեպի Կապան՝ ճանապարհն ուսումնասիրելու համար, և այն լրիվ բաց է. «Ռուսներն էլ են բոլոր պոստերում տեղակայված, հայ սահմանապահներն էլ՝ ոչ մի խնդիր չկա»։

Կարո Ավանեսյանն անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ մամուլն ու սոցցանցերը նույնականացնում են վարչապետի կողմից հնչեցրած՝ Էյվազլար և Չայզամի ադրբեջանական անվանումներով բնակավայրերը հայկական Որոտանի ու Նոր Առաջաձորի հետ,  արձագանքեց. «Էյվազլարը թուրքի գյուղ է, քանդված փլատակներ են, և հայկական Որոտանի հետ մեկ գետ է բաժանում։ Էյվազլարն էլ, Չայզամին էլ Ադրբեջանի տարածքում են, և այնտեղ հիմա մարդ չի ապրում՝ իրենց ԶՈՒ դիրքերն են։ Որոտանն էլ, Նոր Առաջաձորն էլ եղել է ու հիմա էլ մնում է մերը, մեր հայերն էլ ապրում են։ Նոր Առաջաձորը մոտ է Չայզամիին։ Կապանից որ գնում ես՝ Նոր Առաջաձորը ձախ է ընկնում, Չայզամին էլ աջ է ընկնում, պարզապես մոտ են իրար»։ 

Սյունիքի մարզպետի տեղակալն ընդգծեց, որ Որոտան և Նոր Առաջաձոր բնակավայրերը միշտ էլ եղել են հայկական, և նույնիսկ անվանափոխություն չի եղել. «Մեր Նոր Առաջաձորն էլ է բնակեցված, մեր Որոտանն էլ»։    

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից երկու օր Ադրբեջանի զինծառայողները փակել էին Գորիս-Որոտան, Շուռնուխ-Կարմրաքար հատվածները։

ՀՀ վարչապետն այդ դեպքի հետ կապված հիշեցրեց, որ դեռևս 2020թ. դեկտեմբերին ՊՆ-ն հայտնել է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կմ հատվածը վիճելի է, և այդ պատճառով այնտեղ տեղակայվել են նաև ռուս սահմանապահներ։ 

Նարա Մարտիրոսյան