Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը՝ անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից. Պապիկյան

«Արդյոք վտանգ զգո՞ւմ եք Ադրբեջանի կողմից, ինչը ձեզ ստիպում է նոր պայմանագրեր կնքել, արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանը կարող է ինքնուրույն ապահովել այս գնումները, թե՞ ձեզ հարկավոր է նաև ԵՄ ֆինանսական միջամտությունը այդ գնումները կատարելու համար»,- լրագրողի այս հարցին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ Հայաստանը որդեգրել է սեփական զինված ուժերը նորացնելու և արդիականացնելու քաղաքականություն, ինչը ենթադրում է սեփական միջոցների անհրաժեշտություն. «Իսկ գործընկերների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում նաև եվրոպական գործընկերների»:

«ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով, ՀՀ կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի: Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Եվ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը»,- նշեց Սուրեն Պապիկյանը և հավելեց, թե խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, անկախ նրանից, թե մենք ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը. «Մեր այսօրվա ստորագրած պայմանագրերը հենց դրա մասին են»: