Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երդում զենքի ու գերեզմանի վրա. ՀՅԴ երիտասարդական կառույցին անդամագրվողներից նաիրիհունանյաննե՞ր են պատրաստում

Երդում զենքի ու գերեզմանի վրա. ՀՅԴ երիտասարդական կառույցին անդամագրվողներից  նաիրիհունանյաննե՞ր են պատրաստում
Հայաստան
22:00, 26 февраль 2024
Վերջին մի քանի օրերին ՀՅԴ երիտկառուցի շարքերում ակտիվորեն համալրումներ են տեղի ունենում։ Համենայնդեպս, նման աշխուժության մասին  «ավետում» է կուսակցության պաշտոնական էջը՝ զետեղելով համալրման արարողության մասին վկայող տեսագրություններ։  

Ինչպես ասում են՝ բնավ և ամենևին դեմ չենք, որ 130-ը վաղուց  բոլորած «հեղափոխական» կուսակցությունը նորացվի «թարմ արյան»  ներարկումներով, սակայն մեզ ապշեցնում է ներարկման՝ մինչ օրս  պահպանվող զառամյալ, մահվան ու  ահաբեկչության հետ ասոցացվող մեթոդը՝ նորագիրների երդումը զենքի և գերեզմանի վրա, որը ծածկվում է ՀՅԴ-ի դրոշով ու եռագույնով։  

Փետրվարի 18-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում շուրջ 20 նորագիրներ, դաշնակցականի երդում տալով, համալրել են կուսակցության շարքերը։ Երդումը կայացավ խմբապետ Մակիտոնի շիրիմին, որը փետրվարյան ապստամբության 21 զոհերից էր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոս Ավեստիսյանի օգնական  Գերասիմ Վարդանյանը, որը  կալանավորվել էր, ապա ամիսներ անց ազատ արձակվել  (նրան, ինչպես նաև ՀՅԴ-ականներ Բագրատ Եսայանին, Գառնիկ Մելքումյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է զանգվածային անկարգություններին, ինչպես նաև խմբի կազմում խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը), արարողության ժամանակ հայտարարել էր. «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ շատ դեպքերում այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը նույնականանում է բոլշևիկյան իշխանության հետ»։  


Գործող իշխանությանը նույնացնելով բոլշևիկների հետ՝ Վարդանյանը, ըստ ամենայնի, նկատի ուներ վրեժխնդրություն բորբոքել նորագիրների հոգում՝ նախապատրաստելով նրանց համապատասխան գործողությունների։ Երդման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին գնդակահարելու համար ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված, 37 տարի անց՝ 2019-ին, վաղաժամ ազատ արձակված Համբիկ Սասունյանը։ Նա մասնավորապես նշել է. «Դաշնակցական լինելը հեշտ բան չէ, մենք շատ թշնամիներ ունենք՝ կոմունիստներն են, թուրքերը, ադրբեջանցիները, դավաճանների երկար շարքն են»։  


Երկու օր առաջ էլ Պռոշյանի Զորաց պանթեոնում տեղի ունեցած հերթական համալրման արարողության ժամանակ (երիտդաշնակցականները երդվել են Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի շիրիմին, ինքնաձիգի վրա) հնչել է ուշագրավ մի հայտարարություն, որի կողքով անտարբեր անցնել չէինք կարող, և որը պետք է պատշաճ ուշադրության արժանացնեն ՀՀ իրավապահները՝ հատկապես  երկրում տիրող լարված մթնոլորտի,  խառնակ ժամանակների ֆոնին։ ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը, երդման արարողության ժամանակ դիմելով նորագիրներին,  մասնավորապես ազդարարել է. «Էն ճանապարհը, որը դուք ընտրել եք, դա հեշտ և գրավիչ  ճանապարհ չի։ Որովհետև դաշնակցական երիտասարդը երբ որ խոստում է տալիս, մտնում է կյանքի նոր փուլ, որը իր ամբողջ կյանքի համար այդ խոստումը պահելու փուլն է։ Եվ Հայաստանի էսօրվա իրավիճակում ոչ ոքի համար գաղտնիք չի, որ ՀՅԴ-ական երիտասարդը կարող է նաև պարտավոր լինել ենթարկվել այնպիսի որոշումների, որոնք որ մինչև իր  կյանքի շարքերն անցնելու ընթացքը երբևէ պատկերացրած չլիներ, որ կարող ա ստիպված լինել նման քայլերի գնալ։ Հետևաբար ևս մեկ անգամ խնդրում, հորդորում եմ բոլորիդ՝ նորից մտածել էս որոշումը վերջնական առնելուց առաջ՝ արդյոք պատրա՞ստ եք հավատարիմ մնալ դաշնակցական երիտասարդի խոստմանը ու նկարագրին»։   Այդ ի՞նչ «որոշումների» պետք է պարտավոր լինի ենթարկվել երիտդաշնակցականը՝ հաշվի առնելով «ՀՀ-ի ներկայիս իրավիճակը». ենթադրությունները մեզ ուր ասես՝ կարող են տանել։ Մասնավորապես՝ արդյոք այդ որոշումների մեջ կարո՞ղ են լինել ՀՀ կառավարության, ԱԺ-ի շենքը գրոհելու (ինչպես ոչ վաղ անցյալում), իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչական ակտեր իրականացնելու վերաբերյալ  որոշումները։ Նկատի ունենալով ՀՅԴ-ի անցած ուղին  ու այն «սերն ու գորովը», որը ՀՅԴ-ական  պատգամավորներն ու նրանց վերնախավն ու կուրատոր Ռոբերտ Քոչարյանը  տածում են իշխանության հանդեպ, Սևակ Նազարյանի  վերոհիշյալ հայտարարությունը  լայն մեկնաբանման առիթ է  տալիս։ Հուսանք՝ ՀՅԴ-ին անդամագրված երիտասարդներից  նման երդում կորզելվ որոշ շահագրգիռ ուժեր նոր նաիրիհունանյաններ և կամիկաձեներ պատրաստելու խնդիր չեն հետապնդում։


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանն էլ՝ երդման կնքահայրն ու վկան, իր հերթին է նորագիրների համար ռազմահայրենասիրական  սեանս անցկացրել՝ մասնավորապես նշելով. «Շատ ծանր ժամանակաշրջան ա այս ժամանակաշրջանը, մռայլ շրջան ա, բայց ժամանակավոր ա։ Մեր տեսակը, ձեր տեսակը պարտվել ա։ Պարտվել ա ժամանակավորապես։ Մենք կպարտվենք այն ժամանակ, երբ դադարենք պայքարելուց։ Մեր պայքարը պետք ա շարունակվի՝ մինչև վերջնական փուլ։ Եվ ես շատ ուրախ եմ էս օրերին, նման ժամանակաշրջանում էս՝ մեծ թվով երիտասարդներ միանում են ՀԵՄ-ի շարքերին, և մի շարք ընկերներ համալրում են ՀՅԴ-ի մեծ ընտանիքը... Ձեր ներկայությունն այստեղ ինքնին փաստ է, որ ազգի մեր տեսակը դեռ շարունակվում է։ Ազգի երիտասարդ տեսակը մտահոգված է, գործ ունի անելու՝ ազգի և հայրենիքի համար։


...Մենք հեղափոխական ենք, բայց ոչ՝ արկածախնդիրներ, հեղափոխական ենք, բայց ոչ պատեհապաշտներ, և ընտրում ենք էդ ճանապարհը մինչև մեր կյանքի վերջ։ Դժբախտաբար, ձեր երդման ժամանակաշրջանը համընկել է էս կարգավիճակին, մենք դեռ պայքար ունենք շարունակելու՝ ներքին ու արտաքին թշնամիների դեմ։ Եվ ես վստահ եմ՝ դուք կելլեք այդ պայքարի առաջամարտիկներն ու ջահակիրները»։ Թե ովքեր են «ներքին թշնամիները», ՀՅԴ-ական վերնախավի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հանրահռչակել են՝ ՀՀ իշխանությունն ու մասնավորապես վարչապետ Նիկոլ  Փաշինյանը։ 


ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն, օրինակ, որը ներկա էր միջոցառմանը ու վայելում էր երդման արարողությունը, ապաև՝ շնորհավորեց նորագիրներին, իր հանրային խոսքում  քանիցս է «սրանց»՝ իշխանությանը,  «թշնամի» որակել։ «Սրանք ոչ միայն  դավաճան են, այլ նաև թշնամի, մասնակից են Արցախում կատարվողին։ «Նիկոլ դավաճանից» բացի, պետք է այս պահից օգտագործել առաջնահերթ «Նիկոլ թշնամի»»,- ԼՂՀ-ի նկատմամբ 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ ազդարարեց  Սաղաթելյանը, իսկ հավաքված ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, թշնամի»։


Այնպես որ, երբ երիտՀՅԴ-ականներին նրանց ավագները հորդորում են պայքարել «ներքին թշնամիների» դեմ և այդ պայքարում չխնայել անգամ իրենց կյանքը՝ երդվել տալով զենքի ու գերեզմանի վրա,  դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին։ Հետևապես իրավապահների զգոնությունը  ՀՅԴ-ականների կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ  պետք է հավուր պատշաճի լինի, այսինքն՝ վտանգի սպասման «կարմիր  սանդղակին» համարժեք։   


Հ. Մանուկյան