Քաղաքացիակենտրոն
լրատվություն

25000 եվրո հարկատուների հաշվին՝ Մնացական Մարտիրոսյանի մեղքով․ ՄԻԵԴ-ը միանգամից երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի․ 1in.am

25000 եվրո հարկատուների հաշվին՝ Մնացական Մարտիրոսյանի մեղքով․ ՄԻԵԴ-ը միանգամից երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի․ 1in.am
Հայաստան
10:37, 02 сентябрь 2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ միանգամից երկու վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի։ Երկու գործերն էլ վերաբերում են 2008 թվականի մարտյան իրադարձություններին։ Մեկը ԵԿՄ ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանի գործն է, մյուսը՝ ներկայումս Դանիայում  ՀՀ դեսպան՝ Ալիիկ Արզումանյանի գործը։ Եվրոպական դատարանը գտել է, որ  խախտվել է Ալիկ Արզումանյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը (Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդված): Հայաստանի կառավարությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում Ալեքսանդր Արզումանյանին վճարել 9000 եվրո, որպես բարոյական վնասի հատուցում և 2600 եվրո՝ կատարած դատական ծախսերի համար:

Իսկ Սասուն Միքայելյանի գործով դատարանը ճանաչել է կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտումը՝ հավաքների ազատության խախտումն է ճանաչվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը՝ Հայաստանը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։

Սասուն Միքայելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեև ՄԻԵԴ-ը ճանաչել է հավաքների ազատության խախտման փաստը, սակայն միևնույն ժամանակ  6-րդ կոնվենցիայի խախտմանը առանձին չի անդրադարձել, որը վերաբերում է  արդար դատաքննության  իրավունքին։ «Մենք արդար դատաքննության իրավունքի խախտման բազմաթիվ փաստեր էինք նշել դիմումում։ Մասնավորապես Սասուն Միքայելյանը  հնարավորություն չէր ունեցել հարցաքննել մի շարք վկաների դատարանում, որոնք իր դեմ ցուցմունք էին տվել նախաքննության ընթացքում։ Բազմաթիվ այլ խախտումներ կային, բայց Եվրոպական դատարանը գտել է, որ 11-րդ հոդվածի խախտման փաստը բավարար է և առանձին արդար դատաքննության իրավունքի խախտմանը չի անդրադարձել։ Սակայն կարևորը իրավունքի խախտումը ճանաչվել է, որը ուղակիորեն հաստատում է քաղաքական հետապնդման փաստը։ Պարզապես ցանկալի կլիներ, որ դատարանն անդրադառնար մեր կողմից մյուս վկայակոչված խախտումներին»,-ասաց Շուշանյանը՝ հավելելով, որ դեռ չի հասցրել վճռի ամբողջ բովանդակությանն անդրադառնալ։

Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ն իր ստանդարտներն ունի և ըստ դրա որոշում է  արդարացի փոխհատուցման հարցը։

Շուշանյանը նաև նշեց, որ ՄԻԵԴ այս վճիռը , որով ճանաչվել է իրավունքի խախտում, ներպետական օրենսդրությամբ համարվում է նոր երևան եկած հանգամանք։ Հետևաբար 2008-2009 թվականներին կայացված դատական ակտերը, որոնցով Սասուն Միքայելյանը, Ալիկ Արզումանյանը մեղավոր էին ճանաչվել քրեական օրենսգրքի  տարբեր հոդվածներով, այդ դատական ակտերը պետք է բեկանվեն և իրենք արդարացվեն․«ՄԻԵԴ վճիռների հետևանքը դա է լինելու։ Առաջիկայում ես պատրաստվում եմ դիմել և սկսել այս գործընթացը»,-ասաց Շուշանյանը։

Ալեքսանդր Արզումանյանի հայցը ՄԻԵԴ ներկայացրած փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասցրել ամբողջությամբ վճռին ծանոթանալ, բայց կարող է ասել, որ ՄԻԵԴ-ը իրենց բոլոր պահանջները չի բավարարել։ Իրենք  մի քանի իրավունքի խախտման փաստով էին դիմել եվրոպական դատարան, սակայն վերջինս ճանաչել է միայն  կոնվենցիայի 11 հոդվածի խախտում, որը, ինչպես արդեն նշեցինք, հավաքների ազատության իրավունքն է։ «Ամբողջական գնահատական կարող եմ տալ վճռին ամբողջապես ծանոթանալուց հետո, բայց այս պահին կարող եմ ասել, որ ՄԻԵԴ վճռում մեր բարձրացրած բոլոր պահանջներն էին հիմնավոր»,-ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ միայն այս երկու գործով Հայաստանի պետական բյուջեից, հարկատուների հաշվին նշված անձանց կփոխանցվի շուրջ 25 հազար եվրո։ Միայն այն պատճառով, որ ժամանակին դատավոր Մնացական Մարտիրոսյանը քաղաքական պատվերի շրջանակներում որոշումներ է կայացրել՝ հօգուտ օրվա իշխանության։ Մնացական մարտիրոսյանը այսօր էլ պաշտոնավարում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: