Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև նոյեմբերի 9-ը և դրանից հետո գերեվարվածները ենթակա են պարտադիր վերադարձի. Հայաստանը կարող է նաև իրավական գործընթաց սկսել․ 1in.am

Մինչև նոյեմբերի 9-ը և դրանից հետո գերեվարվածները ենթակա են պարտադիր վերադարձի. Հայաստանը կարող է նաև իրավական գործընթաց սկսել․ 1in.am
Հայաստան
12:02, 02 сентябрь 2021
«Մասնագիտորեն չկա որևէ հիմք տարբերակելու մինչև նոյեմբերի 9-ը գերեվարվածներին նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներից, եթե այդ գերեվարումը կապված է եղել հիմնական կոնֆլիկտի հետ»,-«Առաջին լրատվական»,- հետ զրույցում ասաց գերիների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի դիտարկմանը։

Հիշեցնենք, որ Միրզոյան-Լավրով առաջին հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձ են կատարել հայ ռազմագերիների խնդրին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով ազդակներ է ուղարկում ադրբեջանական կողմին՝ կոչ անելով ազատ արձակել հայ գերիներին առանց նախապայմանների: Լավրովը, սակայն, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք է գնացել այն անձանց ազատ արձակման մասին, որոնք այդ պահին գտնվում էին գերության մեջ: Այսինքն այս պահին իրենք չեն դիտարկում պատերազմից հետո ադրբեջանական կողմից գերեվարվածների հարցը։ Օրինակ Խծաբերդից գերեվարվածների, Սև լճի, Գեղարքունիքի հարակից տարածքներից գերեվարման դեպքերը։ «Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ իր շփումներում և մենք՝ այլ մակարդակներում, հստակ ազդակներ ենք ուղարկում մեր ադրբեջանցի գործընկերներին՝ կոչ անելով ազատ արձակել բոլորին՝ առանց որևէ նախապայմանի։ Դա կլիներ վստահության կարևոր միջոց, ինչը հիմա պակասում է։ Դա կլիներ նաև կարևոր մարդասիրական քայլ: Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք հանդես գալ այդ դիրքորոշմամբ: Սակայն վերջնական որոշումը կախված չէ Մոսկվայից»,-ընդգծել է Լավրովը։

Իր հերթին Արարատ Միրզոյանը նշել է, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը խիստ արդիական է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման համատեքստում։


Գերիների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան, փատաբան Սիրանուշ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նույն նոյեմբերի 9-ի հայտարարության ձևակերպումներում ոչ մի ժամկետ նշված չէ։ Դրանում նշված չէ, թե մինչև որ պահը գերեվարված անձինք պետք է վերադաձվեն։

Հայտարարության մեջ ուղղակի արձանագրված է, որ գերության մեջ պահվող կամ ազատազրկված այլ անձինք ենթակա են փոխանակման բոլորը բոլորի դիմաց։

«Հետևաբար պետք էր առաջ գնալ այն տրամաբանությամբ, որ արդեն իսկ գերեվարվածները պետք է ազատ արձակվեին և նոր գերիներ չվերցվեին, որովհետև հակամարտությունը որոշակի չափով լուծված է և խաղաղությանը միտված բանակցություններ են ընթանում։ Իսկ եթե տրամաբանությունը խախտվում է և անգամ համաձայնագրի գոյության պայմաններում նոր գերեվարման դեպքեր են արձանագրվում, որոնք կապված են հիմնական կոնֆլիկտի հետ, ապա այդ անձինք նույնպես ունեն ռազմագերու կարգավիճակ և պետք է օգտվեն նույն իրավունքներից ու երաշխիքներից, որոնք նախատեսված են մարդասիրական իրավունքով, իսկ մարդասիրական իրավունքը նշում է, որ անկախ գերեվարման պահից բոլոր ռազմագերիները հակամարտության դադարից հետո ենթակա են անհապաղ ազատ արձակման։»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ տրամաբանական չէ, որ երբ հակամարտությունը համարում են լուծված, բայց հակամարտության հետ կապված ածանցված, փոքր մարդասիրական խնդիրը չպետք է իր լուծումը ստանա․«Նման մեկնաբանություն չկա և իրավական տեսանկյունից էլ այն գոյության իրավունք չունի»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ արդեն իսկ պրակտիկայով էլ է հաստատվել այդ փաստը։ Օրինակ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ՝ մայիսի 27-ին, Գեղարքունիքից գերեվարվել էին 6 անձինք, որոնցից 4-ը արդեն իսկ հայրենադարձվել են։ Նույն կերպ Խծաբերդի դեպքում՝ գերեվարվել էր 62 անձ, որոնք հայրենադարձվել են և նրանցից միայն 8-ն են պահվում Ադրբեջանում։ «Հետևաբար եթե կողմերի մտադրությունը չի եղել կոնֆլիկտի հետ կապված բոլոր ռազմագերիների հայրենադարձնելը, ապա պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով է գործել Ադրբեջանն այդ անձանց հայրենադարձելիս և ինչու է դրան աջակցել Ռուսաստանի դաշնությունը»,-ասաց Սահակյանը։

Փաստաբանը նշեց, որ պաշտոնապես հաստատված դեպքերից զատ հիմնավոր կասկածներ կան, որ ևս 80 անձ ռազմագերու կարգավիճակում գտնվում են Ադրբեջանում։ Թե այս պահին նրանք ողջ են, ենթարկվել են բռնի անհետացման, թե սպանված են, հնարավոր չէ հստակ ասել․»Բայց մեր ձեռքի տակ կան անհերքելի, ստուգված փաստեր, ապացույցներ, որոնք հաստատում են նրանց գերեվարված լինելն ու միջազգային պաշտպանությունից օգտվելը։ Այդ 80 դեպքերը անհերքելի դեպքեր են։ Դրանցից զատ մենք ունենք այլ՝ անուղղակի ապացույցներով դեպքեր, որոնց մասին շատ չենք բարձրաձայնում։ Բայց առնվազն 45 անձից զատ 80 անձանց վերադարձնելու միանշանակ պարտավորություն ունի Ադրբեջանը, որը չկատարելու պարագայում սպանությունների, կամ բռնի անհետացումների դեպքերով պատերազմական հանցագործություններ են վերագրվելու նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց»,-ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ այդ գործընթացում Հայաստանը կարող է ակտիվ դեր ունենալ, այդ փաստերը ներկայացնել միջազգային կառույցներին, այդ թվում Եվրոպական միությանը, որոնք քաղաքական սանկցիաներ կիրառելու հնարավորություն ունեն պետության և պետության պաշտոնատար անձանց նկատմամբ։

Հայաստանը կարող է նաև իրավական գործընթաց սկսել նույն փաստերի հիման վրա և իր իսկ կողմից միջազգային հետախուզում հայտարարել իր կողմից հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողների ու հրամանատարների նկատմամբ։ Հայաստանը, ըստ փաստաբանի, կարող է նաև համագործակցել այլ երկրների իրավապահ մարմինների հետ, որպեսզի ունիվերսալ իրավազորության շրջանակներում քրեական հետապնդումներ սկսվեն ադրբեջանցիների նկատմամբ նաև օտարերկրյա պետություններում։ «Մենք առնվազն մեր կողմից հավաքագրված տվյալները տրամադրում ենք թե միջազգային կառույցներին, թե օտարերկրյա պետություններին և թե այդ համայնքներում գործող հայ և ոչ հայ իրավաբաններին, որոնք պատշաճ փուլերում նաև նախաձեռնելու են քրեական հետապնդումներ»,-եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։