Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախը երկրիս երեսին միակ իրական դրախտն է». սփյուռքահայ գործարարն օրն արժևորում է Ստեփանակերտում

«Արցախը երկրիս երեսին միակ իրական դրախտն է». սփյուռքահայ գործարարն օրն արժևորում է Ստեփանակերտում
Հայաստան
13:21, 02 сентябрь 2021
Արցախի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ Արցախում է սփյուռքահայ գործարար, արմատներով վանեցի Վարուժ Բարոյանը, ով այսօր իր հայրենակիցների հետ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին:

«Ժամանակները ծանր են, վերքերը դեռ չեն բուժվել: 44-օրյա պատերազմի հենց առաջին օրից 11 ընկերներով եղել ենք Արցախի պաշտպանության բանակի կողքին՝ որպես ամուր թիկունք: Պատերազմից հետո սա իմ յոթերորդ այցն է Արցախ: Մեկ շաբաթ առաջ հատուկ այս օրվա համար եմ եկել: Այն, որ ինքս իմ աչքերով տեսնում եմ այս երկիրը, նրա հերոսական ժողովրդի կողքին գտնվելու առիթ ունեմ, ուղղակի Աստծո կողմից տրված պարգև եմ համարում ինձ համար: Առավոտյան՝ Ստեփանակերտի փողոցներով շրջելուց հետո, Սփյուռքի իմ բարեկամներին անմիջապես կոչ արեցի գալ այստեղ, քանզի Արցախը երկրիս երեսին միակ իրական դրախտն է: Պետք չէ մեծ գումարներ ծախսել ու շրջել Եվրոպայի քաղաքներով, պետք է գեթ մեկ անգամ գալ ու վայելել Արցախը, նրա ժողովրդի հյուրասիրությունն ու լավ վերաբերմունքը: Շնորհավորում եմ բոլոր արցախցիներին այս հիշարժան օրվա առթիվ: Ես հավատում եմ Արցախի փայլուն ապագային»,֊ «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Բարոյանը՝ հորդորելով բոլորին գործով ապացուցել նվիրվածությունն Արցախին: