Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անորոշությունը, որը կա Արցախի դեպքում, կա նաև Գեղարքունիքի, Սյունիքի մարզի գյուղերի դեպքում․ ադրբեջանագետ

Անորոշությունը, որը կա Արցախի դեպքում, կա նաև Գեղարքունիքի, Սյունիքի մարզի գյուղերի դեպքում․ ադրբեջանագետ
Հայաստան
15:27, 02 сентябрь 2021
Ադրբեջանի ախորժակը մեծացել է և շարունակում է մեծանալ՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Այնտեղ պետական քաղաքականությունը շարունակում է  պնդել, որ Արցախի հարցը փակված է, կարգավիճակի մասին որևէ հարց չեն քննարկելու և չեն ուզում քննարկել։ Այստեղ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարծես թե ցանկություն չունեն համակերպվելու նմանատիպ իրավիճակի հետ՝ ոչ թե մեր շահերը պաշտպանելու համար, այլ դա իրենց շահերից է բխում, և մենք դա տեսնում ենք նրանց կողմից  պարբերաբար արված հայտարարություններում, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվի։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Արցախի անկախության օրը ռազմաքաղաքական ու միջազգային իրավական նոր միջավայրում» թեմայով քննարկման ժամանակ նշեց բանախոսներից ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
 
«Այստեղ կա անորոշություն, քանի որ մենք չգիտենք, թե դա երբ պետք է քննարկվի՝ մոտ ապագայո՞ւմ,  4, 5,  թե՞  20 տարի հետո։ Իրավիճակն այս պահին այնպիսին է, որ մենք, ցավոք սրտի, չունենք նախադրյալներ բանակցային գործընթացի վերադառնալու համար, հակառակը՝ ունենք իրավիճակի անընդհատ թեժացում, մասնավորապես Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը։
 
Նա նշեց, որ Սոթքից մինչև Սև լիճ ընկած բոլոր հատվածներում ինքն անձամբ եղել է, և այդտեղ խոսքը մեկ-երկու մետրի կամ մեկ-երկու գյուղի ու Սև լճի մասին չէ։ Այստեղ շուրջ 120-130 կիլոմետր երկարությամբ, մինչև 3-5 կմ խորությամբ  ներթափանցումներ են ՀՀ տարածք. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի շուրջ 70-80 քառակուսի կմ տարածքի փաստացի օկուպացիա է, որը սպառնում է նաև սահմանամերձ բնակավայրերի անվտանգությանը։
 
«Այսինքն՝ նույն անորոշությունը, որը կա Արցախի դեպքում, կա նաև Գեղարքունիքի, Սյունիքի մարզի գյուղերի դեպքում. ցանքատարածությունները, մշակովի հողատարածքները անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ կամ, այսպես ասած, «դեղին գոտում» են»,-  նշեց  պարոն Հովհաննիսյանը։
 
Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանի քաղաքականությունը ագրեսիվությունն ու հնարավորինս շատ պահանջելն է, որտեղ բացահայտ հավակնություններ կան  նաև ՀՀ տարածքների նկատմամբ։