Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղեգնավան գյուղի ջրամատակարարումը 8 օր անց մասնակի վերականգնվել է․ hetq.am

Եղեգնավան գյուղի ջրամատակարարումը 8 օր անց մասնակի վերականգնվել է․ hetq.am
Հայաստան
17:49, 03 сентябрь 2021
Սեպտեմբերի 2-ի կեսօրից 8 օր ջուր չունենալուց հետո Արարատի մարզի Եղեգնավան գյուղի ջրամատակարարումը մասնակի վերականգնվել է։

«Հետքը» օգոստոսի 30-ին գրել էր, որ Եղեգնավանում խմելու ջուր չկա։ Եղեգնավանի համայնքապետարանն ու «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում էին, որ համայնք ջուր մտնում է, իսկ համայնքապետարանից հերքում էին ու նշում, որ վնասված պոմպեր կան, որոնց վերանորոգման համար ժամանակ է պետք։

Եղեգնավան համայնքի բնակիչ Վալենտինա Խաչատրյանը նշեց, որ թեև հիմա ջուր կա, բայց գալիս է շատ բարակ շիթով։ «Չի կարելի ասել, որ լրիվ վերականգնվել է, որովհետև բարակ շիթով է գալիս ու տներ չի հասնում, հնարավոր է միայն բակում տեղադրված ծորակներից ջուր վերցնել։ Կարելի է ասել՝ մեծ տարբերություն չկա, բայց գոնե հիմա կարողանում ենք խմելու ջուր վերցնել»,- ասում է բնակիչը։

Երեկոյան՝ ժամը 19:00-ից, ջրամատակարարումը նորից անջատել են, առավոտյան միացրել։

Եղեգնավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լանա Եդիգարովան մեզ հայտնեց, որ ջրամատակարարումը վերականգնվել է ոչ ամբողջությամբ, քիչ ճնշումով։

«Պոմպերի խնդիր կա, դրանք թանկ արժեն, հիմա ջուրը քիչ ճնշումով է գյուղ մտնում, երևի թե ջրանջատումներ չեն լինի»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ նոր պոմպեր գնելն ու նորոգելը ոչ թե համայնքապետարանի, այլ ջուր մատակարարող կազմակերպության գործառույթն է։