Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանն ու Անդրեյ Կլիմովը քննարկել են ռազմավարական և դաշնակցային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Հակոբ Արշակյանն ու Անդրեյ Կլիմովը քննարկել են ռազմավարական և դաշնակցային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր
Հայաստան
15:04, 06 сентябрь 2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, փոխնախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը՝ բոլոր ուղղություններով: Նա կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն:

«Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց»,- նշել է  ԱԺ փոխնախագահը՝ մեկտեղ երախտագիտություն հայտնելով ռուսական կողմին վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ:

Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Հյուրն անդրադարձել է անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը: