Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն սպառնում է ու չի ներում Հայաստանին՝ «ֆորպոստ»-ի իր կարգավիճակը թոթափելու համար․ Մնացածը օճառային էժանագին օպերա է

ՌԴ-ն սպառնում է ու չի ներում  Հայաստանին՝ «ֆորպոստ»-ի իր կարգավիճակը թոթափելու համար․ Մնացածը օճառային էժանագին օպերա է
Հայաստան
08:30, 02 апрель 2024
2022-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումից և ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական, անզեն  դիտորդների տեղակայումից հետո ամենօրյա պարբերականությամբ գուժվում է «ՀՀ-ն աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դարձնելու» Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքաքականության մասին։ 

Թե այդ ինչ շահեր են բախվում կամ պետք է բախվեն, որոնց համար, փաստրեն, հարթակ է դառնում Հայաստանը, սույն  մանիպուլյատիվ քարոզչական թեզի հեղինակները չեն բացատրում։ Եվ միայն «աշխարհաքաղաքական», «բախում»  և «թատերաբեմ» բառերը կողք-կողքի դնելով և դրանց համատեքստում «Հայաստան» բառի հոլովելով  արդեն իսկ քարոզչական ահռելի էֆեկտ է ապահովվում՝ բարոյահոգեբանական դիվերսիայի ենթարկելով ժողովրդին մի պետության, որն իր պատմության ընթացքում  մեկ անգամ չէ, որ «թատերաբեմ» դառնալու անբարեբախտություն է ունեցել։   

Հասկանալու համար, թե շահերի ի՞նչ ենթադրվելիք  «բախման» մասին է խոսքը, պետք է վերհիշել այս խոսույթը  շրջանառության մեջ դնելու ժամանակագրությունը։ Ինչպես ասացինք՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը  ՀՀ մուտք ունենալու իրավասություն ստացավ։ Իսկ ինչ էր նախորդել այդ մուտքին, որն այդքան գրգռել ու ընդհուպ հունից հանել է   տարածաշրջանում խաղացող ուժերից հատկապես մեկին՝ ՀՀ ռազմավարական դաշնակցին և նրա տեղական ագենտուրային։ Այո, Ադրբեջանի՝ 2021-ի մայիսյան, նոյեմբերյան և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀԱՊԿ-ի՝ տեղի ունեցածին արձագանքելու  փոխարեն իրեն «ռետինե խողովակի տեղ» դնելու վարքագիծը։  Ինչ եք կարծում, եթե ՀԱՊԿ-ն իր անդամ երկրի նկատմամբ ագրեսիային  արձագանքեր հավուր պատշաճի ու կատարեր կանոնադրական իր պարտականություններն, այսինքն՝ ռուսն իր «օրհնված ոտը» գետնին  խփեր ու «նույն սհաթին» Ադրբեջանին «անկյուն կանգնեցներ», արդյո՞ք ՀՀ-ն կդիմեր այլ՝ եվրոպական  «ոտքեր» որոնելուն, դրանք «հայոց լիս աշխարհը» հրավիրելուն՝ «ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածելու» համար։  Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է։ Եթե ակնհայտ է, ակնհայտ է նաև այն, որ Հայաստանը (եթե գործածենք ռուսական քարոզչամեքենայի  թեզը)  «աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ» դարձրել է առաջին հերթին Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու այն ռազմաքաղաքական դաշինքը, որը կոչված է երաշխավորել անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանությունը, սակայն սաբոտաժի է դիմել։ Հետևապես, այս երկուսն այժմ առերեսվում են իրենց սաբոտաժի  հետևանքներին, և որպեսզի իրենցից վանեն պատասխանատության իրենց բաժինը, որպես մեղավոր  թիրախավորել են ՀՀ իշխանությանն ու Արևմուտքին։ 

 Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրերին, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հայտարարել էր, որ ԵՄ-ն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում «լեգիտիմության առումով իր կասկածելի առաքելությունն առաջ մղելով Հայաստանի տարածքում», իշխանությունն, ի դեմս ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանի, արձագանքել էր․«ԵՄ քաղաքացիական առաքելության Հայաստանում տեղակայելը և Հայաստանի դիմումը՝ երկամսյա առաքելությունից հետո ավելի երկարաժամկետ մանդատով առաքելություն տեղակայելը բխել է Հայաստանի կարիքներից: Իսկ այդ կարիքներն այն են, որ 2021 և 2022 թվականներին, ՀՀ ինքնիշխան տարածքը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը և մենք գնահատելով առաջին առաքելության երկամսյա գործունեությունը՝ գտել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող առաքելություն և դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է անվտանգության առումով լրացուցիչ երաշխիք լինել»: Այս ընթացքում լավրովյան ոճի հակադարձումներ ու խայթոցներ բազմաթիվ անգամներ են հնչել դաշնակից երկրի խոսնակներից, ՀՀ-ի դիրքորոշում ու արձագանքն էլ եղել է գրեթե նույն հիմնավորմամբ՝ ԵՄ դիտորդների ՀՀ մուտք գործելու վերոհիշյալ համատեքստը վկայակոչելով։ 

Ի դեպ, այս օրերին՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանն ընդառաջ,  է՛լ ավելի են հաճախակիացել ՌԴ-ից և դրա տարբեր ներկայացուցիչների կողմից ՀՀ իշխանությանն ուղղված զգուշացում-նախազգուշացումները, թե՝ ՀՀ-ն միտումնավոր «քանդում է» հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչը հղի է ՀՀ անվտանգության համար վտանգավոր զարգացումներով։ 

Մասնավորապես  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է օրերս «Известия»-ի հետ զրույցում նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը «լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ»։ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն էլ անդրադառնալով  ՀՀ  արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ գործընկերության մասին, գուժել է․ «Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման օբյեկտ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից՝ այս բառի լայն իմաստով՝ Ռուսաստանի հետ դիմակայության համատեքստում։ Սա շատ վտանգավոր է և կարող է, ի դեպ, շատ կոնկրետ վնաս հասցնել ոչ միայն Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, այլև ազդեցություն ունենալ Հայաստանի հեռանկարներին տարածաշրջանային և համաշխարհային գործերում։ Սա չհասկանալը շատ վտանգավոր մոլորություն է»։  

Վերծանելով ՌԴ-ից հնչող  զգուշացումների  «չարագուշակ անկեղծությունը» պետք է հարց տալ «եղբայրական» երկրի քաղաքական էլիտային․ ի՞նչ «խաղարկման» մասին է խոսքը, եթե ՀՀ դաշնակիցը ժամանակին չի խաղացել իր «խաղը»՝ կանխելով և կամ արձագանքելով իր  դաշնակցի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությանը, իրեն, փաստորեն, հռչակելով «խաղից դուրս» վիճակում։ և բացի այդ, եթե ՀՀ-ն դառնում է աշխարհաքաղաքական խաղարկման օբյեկտ, ապա այդ խաղարկումից ունի մեկ ակնկալիք ու շահ՝ սեփական անվտանգության ամրապնդումը՝ եթե ոչ դաշնակից երկրի օժանդակությամբ, ապա այն երկրների միջոցով, որոնց առաջարկած երաշխիքները առնվազն հուսալի են։  Այնպես որ, եթե սեփական անվտանգության ապահովման գործում  հուսալի ու պատրաստակամ  գործընկերներ փնտրելու ՀՀ վարքագիծը ինչ-որ սուբյեկտներ ընկալում են դավաճանություն և «բախումնածին» քայլ,  հայտնի ասացվածքի հանգույն՝ «անկարգություն», ապա ստիպված են ընդունել մի պարզ իրողություն, այն է՝   մեր՝ «ՀՀ-ի անկարգությունը գալիս է իր դաշնակիցների անկարգությունից»։

Վաղուց էր ակնհայտ, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ իր դաշնակցային հարաբերությունները ստորադասել է ՀՀ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների հետ  հարաբերություների խորացմանը, այս օրերին էլ առավել ակնբախ է դառնում մեկ այլ իրողություն՝ թղթերով դեռևս ՀՀ-ի դաշնակիցը համարվող երկիրն այլևս վերածվել է ՀՀ-ին ուղղված արտաքին, կանխատեսելի սպառնալիքի, նույնքան նենգադավ ու վտանգավոր, որքան Ադրբեջանն է։ Ի դեպ, երբ 2004-ին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Գռիզլովը ՀՀ-ում հայտարարեց, թե՝ «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է կովկասյան տարածաշրջանում», Ադրբեջանի նախագահ Ալիևը արա արձագանքեց այս նվաստացուցիչ հայտարարությանը․ «Մենք տարակուսում ենք. մենք Հայաստանը միշտ ընկալել ենք որպես պետություն, իսկ այժմ պարզվում է, որ այն ֆորպոստ է: Հիմա ում հետ պիտի բանակցենք՝ ֆորպոստի՞, թե ֆորպոստի տիրոջ»։

Հայաստանն այս օրերին հատկապես ահռելի ջանքեր է գործադրում «ֆորպոստ» ընկալվելու կապանքները թոթափելու համար, իսկ ՌԴ-ն ու Ադրբեջանը, փաստ է, որ վաղուց են կես խոսքից հասկանում միմյանց, երբ բանակցում են ՀՀ-ի վրա հերթական հարձակումն իրագործելու և «ֆորպոստի»  կարգավիճակին վերադարձնելու շուրջ։ 
Հ․Մանուկյան