Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հայաստան
09:26, 11 апрель 2024
Ապրիլի 9-10-ը տեղի է ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի այցը Թյուրինգիա երկրամաս։ Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Թյուրինգիա երկրամասի վարչապետ Բոդո Ռամելովի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս, ինչպես նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտմանը։ 

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանը գրառում է կատարել Թյուրինգիա երկրամասի ոսկե գրքում։

Այնուհետև դեսպանն այցելել է Թյուրինգիա երկրամասի խորհրդարան (Լանդթագ), որտեղ հանդիպում է ունեցել Լանդթագի նախագահ Բիրգիտ Պոմերի հետ։ Կողմերն անդրադարձել են հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը և կարևորել այդ ուղղությամբ ակտիվ շարունակական շփումները։ Դեսպանը գրառում է կատարել Լանդթագի պատվավոր հյուրերի գրքում։

Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել Թյուրինգիա երկրամասի Տնտեսության, գիտության և թվայնացման նախարար Վոլֆգանգ Տիֆենզեեի հետ։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև Թյուրինգիա երկրամասի գործարարների՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպմանը և պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքներ տանել Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և ներդրումների խթանման ուղղությամբ։

Դեսպանը հանդիպել է նաև Թյուրինգիա երկրամասի Կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Հելմուտ Հոլտերի հետ։ Զրուցակիցները քննարկել են կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել Հայաստանի և Թյուրինգիայի դպրոցների և ԲՈՒՀ-երի միջև համագործակցության խթանմանը։

Դեսպանը քաղաքավարական այց է կատարել նաև Էրֆուրտի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Անդրեաս Բաուզեվայնի հետ։ Դեսպանը գրառում է կատարել Էրֆուրտ քաղաքի ոսկե գրքում։