Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասաց նա։
Վարչապետը նկատեց, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով հայկական կողմը ցույց է տվել իր անկեղծությունը։ «Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։ Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների։ Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության»,- ասաց Փաշինյանը։