Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյին վրդովեցրել է Ալեն Սիմոնյանի ելույթը

Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյին վրդովեցրել է Ալեն Սիմոնյանի ելույթը
Հայաստան
13:38, 24 апрель 2024
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ օրենսդիր մարմնի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մատվիենկոյի խոսքով՝ Մոսկվան չի կարող անտեսել հակառուսական հայտարարությունները: Իսպանիայում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովում իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

«Կուզենայի իմ գործընկերոջը՝ Հայաստանի խորհրդարանի նախագահին, հարց ուղղել՝ ո՞ւմ անունից է նա նման սյուժեներ հնչեցրել։ Հաստատ՝ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանին կապում է դարավոր բարեկամությունը։ Մենք չենք կարող անուշադրության մատնել այս տեսակ ռուսաֆոբ ելույթը։ Ես գրավոր հարցում կուղարկեի Հայաստանի խորհրդարան, թե՝ ո՞ւմ անունից է նա ելույթ ունեցել, և արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսո՞ւմ է այս հանդիպման ժամանակ արտահայտված գնահատականները»,- ասել է Դաշնային խորհրդի նախագահը։ Մատվիենկոն նշել է, որ իր հայ գործընկերը հատել է «կարմիր գիծը», և նրա համար ամոթ է։ Դաշնային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ հանրապետության խորհրդարանը խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է նրան իրավունք տվել Հայաստանի անունից այդ կերպ խոսելու, և նաև գնահատական տալու»։