Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն․ ՊԵԿ-ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու
նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Ձևավորված
աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները,
դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։

Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը
հայտնել է, որ կոմիտեն շարժվում է մաքսային գործընթացների թվայնացման ճանապարհով։ Բոլոր նախագծերի ավարտին
ակնկալվում է ունենալ ամբողջովին նոր մաքսային ծառայություն: Այսինքն՝ ապրանքը մաքսազերծելիս տնտեսվարողը կամ
նրա ներկայացուցիչն այլևս մաքսային ծառայողների հետ անմիջական շփում չեն ունենալու․ թղթաբանությանն ու
մաքսատուն այցելություններին փոխարինելու են առցանց գործընթացները։

Նախատեսվում է, որ կարիքների և միջազգային փորձի վերլուծության հիման վրա ՎԶԵԲ գործընկերները կառաջարկեն
մաքսային գործընթացների թվայնացման լավագույն մոդելը։

Նախագծի ավարտին կմշակվի բարեփոխումների ռազմավարությունը ֆինանսական հիմնավորումներով ամփոփող
փաստաթուղթ։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին