Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընդդիմադիր կոչվածները պատասխանատու են մարտի 1-ի եւ պատերազմում պարտության համար»․ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյան

«Ընդդիմադիր կոչվածները պատասխանատու են մարտի 1-ի եւ պատերազմում պարտության համար»․  ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյան
Հայաստան
17:22, 01 март 2021
«Ունենք թատերական ներկայացում, որը կոչվում է դատական պրոցես, որ երկու տարի դեռ չի մտել դատական իրական պրոցեսի մեջ, սա ֆարս է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, անպատասխանատվություն երկրի եւ պետականության նկատմամբ»,- անդրադառնալով մարտի 1-ի դատական գործին՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ այսպես չի կարելի արդարության հետ վարվել ծաղրուծանակի վերածել ամեն ինչ։ Փաստ է՝ 13 տարի է անցել, բայց ոչ մի գործ դեռևս առաջ չի գնում ու դա է պատճառը, որ ընդդիմադիր կոչվածները, որոնք պատասխանատու են մարտի 1-ի եւ պատերազմում պարտության համար, այսօր չակերտավոր քաղաքական հայտ են ներկայացրել՝ քաղաքական իշխանություն վերցնելու։

«Սա ծաղրուծանակ է մեր անկախության եւ պետականության, ժողովրդի նկատմամբ»,- հավելեց նա։

Արամ Մանուկյանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը, ասաց․ «Արտահերթ ընտրությունները կարող են լուծում լինել, Ազգային ժողովը պետք է որոշումներ կայացնի։ Լուծումները կան, լուծումները շատ են, դրանք հայտնի են եւ պետք է լուծումներ լինեն, այլապես մենք կկորցնենք շատ ավելին։ Ազգային ժողովը պետք է որոշումներ կայացնի։ Ծայրահեղ ռեւանշիստները, ծայրահեղ թավիշիստները ոչինչ չեն անում երկիրը այս քաոսից հանելու համար։ Լուծումը քաղաքական է»։