Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել

Արցախի Էկոնոմիկայի նախարարը հրաժարական է տվել
Հայաստան
17:27, 01 март 2021
Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողություն:

Նախարար Աշոտ Բախշիյանը գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների է շնորհել «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:

Նախարարի խոսքով, պարգևատրությունը պետք է տեղի ունենար 2020 թվականի հոկտեմբերի 2–րդ  կիրակի օրը, որն ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:

Սակայն, հայտնի պատճառով նախատեսված արարողությունը հետաձգվել է:

Նույն օրը, պարգևների ու նվերների հանձնումից հետո, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հանդես է եկել իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությամբ, հայտնում են ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։

«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են:

Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:

Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը: