Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ե՞րբ պատրաստ կլինի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը․ պարզաբանում է ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհով Իրանից Հայաստան եկող բեռնատարները խնդրի առաջ են կանգնում Որոտանի մոտակայքում տեղակայված Ադրբեջանի ոստիկանական անցակետում։  

Civic.am
-ը այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին զրուցել է ՏԿԵ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանի հետ։  

-Պարոն Ստեփանյան, շուրջ երկու օր է Գորիս-Կապան ճանապարհի 12 կմ խնդրահարույց հատվածում Ադրբեջանի սահմանապահները կանգնեցնում են Իրանից Հայաստան եկող բեռնատարները և ստուգումներ իրականացնում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ գումար են պահանջում վարորդներից։ Ի՞նչ փուլում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարությունը։  

-Անկախ ստեղծված իրավիճակից ՏԿԵ նախարարությունը սկսել էր աշխատանքներ իրականացնել հանրապետական նշանակության Հ 46 ճանապարհի վրա։ 2019թ. իրականացվել է ճանապարհահատվածի հիմնանորոգում դեպի Տաթև , 2020թ. սկսվել է Տաթևից Աղվանի ճանապարհը, որը մենք 2021թ շարունակել ենք հասնելով մինչև Սյունիք գյուղ։ Այս տարվա համար նախատեսված հատվածների երկարությունը կազմում է 43 կմ, 25կմ-ից մինչև 68 կմ, որը բաղկացած է 3 տեղամասից։  

Առաջին երկուսի մասով կարող եմ ասել, որ աշխատանքներն ավարտված են Տաթևից մինչև Աղվանի ու Վերին խոտանանից մինչև Սյունիք գյուղ ճանապարհահատվածը։ Այս պահին միջանկյալ ճանապարհահատվածը հիմնանորոգելու աշխատանքներ են ընթանում, որը կազմում է 17,5 կմ։ Այս հատվածի ժամկետի ավարտը սահմանվել է 2021թ. նոյեմբերի 30-ը։ Այս տեմպերով շարունակելու դեպքում մենք մինչև նոյեմբերի 30-ը կունենանք Հ46 ճանապարհը, որն այլընտրանքային ճանապարհ է Մ2 միջպետական ճանապարհի համար։  

-Դեռևս նախորդ տարի ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում: Այդ հաղորդագրության համաձայն աշխատանքները պետք է շարունակվեին 2021թ.-ին և 2022թ.-ին: 2022թ. համար նախատեսված է 10 կմ հատվածի վերանորոգում: Ե՞րբ կավարտվեն այդ աշխատանքները:

-Այն ինչ-որ նախատեսված է 2021թ. համար, այսինքն՝ Հ46 հանրապետական նշանակության ճանապարհի  համար` այս տարի ամբողջությամբ ավարտված կլինեն, բայց ենթադրում եմ, որ Դուք ի նկատի ունեք Տաթև-Լծեն ճանապարհը, որը կազմում է 18.9 կմ, որի համար մենք նախագծման աշխատանքներն արդեն իրականացրել ենք և նախատեսում ենք շինարարական աշխատանքներ սկսել այս տարվանից, որն այլընտրանաքային ճանապարհ է ևս Մ2-ին և դուրս է գալիս դեպի Սիսիան: 

-Իրանից եկող բեռնատարները ո՞ր ամսից կարող են օգտվել այլընտրանքային ճանապարհից։  


-Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, քանի որ մենք, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բեռնատարների տեղափոխումն իրականացնել, այլընտրանքային ճանապարհով պետք է ունենանք իմ նշած երկրորդ հատվածի շինարարական աշխատանքների ավարտը։ Նախագծային աշխատանքները պատրաստ են, մոտ ապագայում կսկսենք շինարարական աշխատանքներ։ Այս պահին էլ հնարավոր է երթևեկություն իրականացնել հանրապետական նշանակության Հ46 ճանապարհով, ուղղակի այդ ճանապարհի մինչև Տաթև բարձրացող հատվածի ոլորանները բավականին նեղ են՝ կցորդիչով բեռնատարները դժվարությամբ են երթևեկում։  

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարա Մարտիրոսյան