Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս օրակարգը տալիս է շատ լավ մեկնարկային կետ, որպեսզի էականորեն բարելավենք մեր հարաբերությունները․ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար․ Տեսանյութ

Այսօր Երևանում անցկացվել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։ 

Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ այսօր ստորագրեցին մեծ օրակարգով փաստաթուղթ, որը վերաբերում էր տարբեր ոլորտներին։
«Կարծում եմ, որ օրակարգը տալիս է շատ լավ մեկնարկային կետ, որպեսզի էականորեն բարելավենք մեր հարաբերությունները»,-ասաց Վահան Քերոբյանը։

 Խոսելով նաև հեռուստառադիոհաղորդակցության ոլորտին առնչվող համագործակցության հուշագրի մասին, որը նույնպես այսօր ստորագրվեց, նախարարն ասաց, որ դա ենթադրում է, որ հայկական կաբելային հեռարձակման տիրույթում կհեռարձակվեն ուկրաինական հաղորդումներ և հակառակը։

«Կարծում եմ, որ սա հիանալի հնարավորութուն է ոչ միայն հեռուստառադիոհեռարձակման համար, այլև նրա համար, որ երկու երկրների ժողովուրդներն ավելի լավ իմանան միմյանց մշակույթը, և առհասարակ երկու երկրների կյանքի մասին ավելի շատ բան իմանան»,-ասաց Վահան Քերոբյանը։

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան էլ նշեց, որ այսօր շատ հիշարժան օր է երկու երկրների համար, քանի որ երկարատև ընդմիջումից հետո երկու երկրները որոշեցին՝ ինչպես լավացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը, ինչպես լավացնել մարդկանց կյանքի որակը և ինչպես մեր երկու երկրների ապագան ավելի լավը դարձնել։

Նախարարը նշեց, որ երբ սկզբում տեսավ օրակարգը, շատ անկեղծ ասաց, որ կցանկանար ավելի հստակ դիրքորոշումներ ներկայացված լինեն, թե ինչ են ուզում՝ հստակ ժամկետներով նշված վերջնաժամկետներով։

«Այն բանի համար, որ սա չլինի ուղղակի օրակարգ, չլինի քաղաքական կամ տնտեսական փաստաթուղթ՝ 8-րդ նիստի համար։ Մենք շատ ենք ցանկանում, որ հենց այս կետից, երբ մենք բարեկամական մթնոլորտում հասկանում ենք, որ մեզ միավորում է բազմադարյա պատմություն, որ մենք հասկանում ենք միմյանց և մենք ուզում ենք զարգանանք նույն ուղղությամբ, ես ուզում եմ, որպեսզի այս օրակարգը դառնա բարձրացման կետ համագործակցության համար և ընգծվի փոխշահավետ համագործակցությունը մեր երկու երկրների միջև»,-ասաց Մարինա Լազեբնայան։