Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ապագա ունի՝ երբ հրաժարվի խեղճի ու կցորդի կարգավիճակից․ Արամ Սարգսյան

Հայաստանը ապագա ունի՝ երբ հրաժարվի խեղճի ու կցորդի կարգավիճակից․ Արամ Սարգսյան
Հայաստան
11:57, 16 сентябрь 2021
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հայաստանը ապագա ունի՝ երբ հրաժարվի խեղճի ու կցորդի կարգավիճակից

Իրավիճակը գնահատելու և ելքեր առաջարկելու առումով՝ որոշեցի դիմել հոդվածի ժանրին: 

Մի քիչ պատմություն՝ Մադրիդյան սկզբունքները 2007-ի նոյեմբերից Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական ուղղությունն են։ Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի, որի մի մասը հրապարակվել է 2009-ի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում, առաջին կետում ասվում էր՝ նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին։ Երկրորդ կետով Լեռնային Ղարաբաղին տրվում էր միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, երրորդով Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք և, վերջապես, այս ամենը իրականացվում էր անվտանգության միջազգային երաշխիքներով, որոնք ներառելու էին նաև խաղաղապահ գործունեություն։ Չորրորդ և հինգերորդ կետերը վերաբերում են հանրաքվեին և փախստականների վերադարձին, որը առանձին հոդվածի թեմա է ու, իմ կարծիքով, այսօր դրա մասին խոսելը ժամանակավրեպ է։ 

Մինսկի խումբը ամրագրել է նաև ՄԱԿ-ի կողմից կոնֆլիկտի լուծման հիմնարար սկզբունքը, այն է՝ կոնֆլիկտը չունի ուժային լուծում, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումով։ Կոնֆլիկտը կարգավորող եռյակը եկել էր համաձայնության, որ կոնֆլիկտում ներգրավված խաղաղապահները չպետք է լինեն համանախագահող երկրների զինված ուժերից։ 

Ի՞նչ ունենք հիմա։ 

Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկանների ներգրավմամբ, դիմել է ուժի և ուժի սպառնալիքի և հպարտանալով դա է համարում միակ արդար լուծումը։ Ռուսաստանը, առանց Մինսկի խմբի համանախագահների ներգրավման, խախտել է մինչ այդ ունեցած պայմանավորվածությունը և 5 տարի ժամկետով, (հետագայում երկարացման հնարավորությամբ) տարածաշրջան է մտցրել իր խաղաղապահներին։ Այս երկու խախտումները բավականին կոշտ և թափանցիկ քննադատում են Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, բայց, հաշվի առնելով փխրուն զինադադարը, գտնում են, որ կոնֆլիկտը լուծված չէ և վերջնական խաղաղության հասնելու համար կողմերին կոչ են անում վերսկսել բանակցությունները մինչ այդ ձեռք բերած համաձայնությունների շրջանակներում։ Առաջարկին դեմ է Ադրբեջանը, այսինքն՝ դեմ է ՄԱԿ-ի որոշմանը, բայց դեմ լինելով հանդերձ միակողմանի չի լքում Մինսկի խումբը՝ վախենալով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումից։ Կարգավիճակի քննարկմանը կողմ լինելով՝ հիմա հարցը ժամանակավրեպ է համարում Ռուսաստանը, որովհետև շատ լավ հասկանում է, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն Արցախի շրջակա շրջանները փաստացի հանձնված են, ՀՀ-ի հետ կապը ապահովվող միջանցքը տրված ու քննարկման առաջին թեման դառնալու է միջազգային խաղաղապահներով արցախահայության անվտանգության ապահովումը, որն էլ թուլացնելու է ՌԴ ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում։ 

Ի՞նչ ենք անում մենք: 

Իշխանությամբ և խորհրդարանական ընդդիմությամբ ամբողջությամբ Ռուսաստանին սպասարկելու տիրույթում ենք, ուժայինները ավելի շատ Մոսկվայում են, քան Երևանում, մասնակցում ենք ամենաբարձր մակարդակով ՀԱՊԿ և ԵԱՏՄ բոլոր հավաքներին, ամեն ինչ զեկուցում ենք Կրեմլին և դաժանագույնս մրցակցում, թե մեզնից ո՞վ է ավելի ազնիվ ծառայում Մոսկվային և ու՞մ կապերն են ամենասերտ ՌԴ նախագահի հետ։ 

Ի՞նչ է տալու դա մեզ:
 
Իմ համոզմամբ՝ անորոշություն, անկայուն իրավիճակ Արցախի և ՀՀ սահմաններին, պատերազմի վերսկսման մշտական սպառնալիք, ներդրումների և զարգացած տեխնոլոգիաներով տնտեսության բացակայություն, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նաև մեզ վրա կիրառում, արտագաղթ, ի հետևանս՝ թե Արցախի, թե Հայաստանի հայաթափում և միութենական պետության կարգավիճակ։ 
Ի՞նչ է առաջարկում «Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ իշխանությանը. 

1) Լցվել խելամիտ համբերությամբ և կոնֆլիկտին վերաբերվող որևէ հարցի պատասխանել միայն Ադրբեջանի հրապարակային պատասխանից հետո։ Օրինակ՝ սկանդինավների տեղակայման խնդրին թող առաջինը պատասխաներ Ալիևը, վերջիվերջո, ինքը համարում է, որ օտարերկրյա զորքերը իր տարածքում են տեղակայվում։ Կամ՝ Իրանի վարորդներից հարկ պահանջելու հարցին թող առաջինը պատասխանեն ԻԻՀ իշխանությունները: Նախ՝ 1992-ից Նախիջևանը ցամաքային կապ է ունեցել Բաքվի հետ միայն Իրանի տարածքով, և մենք չգիտենք, թե ինչքա՞ն հարկ են վճարել ազերիները, երկրորդ՝ ԻԻՀ-ն այսօր էլ հնարավորություն ունի այդ հարկը տասնապատկել: Պետք չէ մոռանալ նաև, որ Իրանը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ազգային փոքրամասնության կարգավիճակում։ Ավելին՝ այդ վիճահարույց ճանապարհը, 24կմ-ն 8կմ-ի վրա անօգուտ տարածք կլիներ ու չէր կարող Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից Մեղրիով միջանցք պահանջելուն հավասար հանգամանք դիտարկվել, եթե մենք կառուցած լինեինք շրջանցող և տարածքում եղած 5 գյուղերի հետ կապ ապահովող այլընտրանքային ճանապարհը։ Թեպետ ճանապարհն արդեն կառուցվում է և մինչև տարեվերջ գործող 24 կմ հատվածի քաղաքական նշանակությունը զրոյանալու է։ 

2) Ամենաբարձր մակարդակով մասնակցել միջազգային բոլոր համաժողովներին՝ Հնդկաստանից ԱՄՆ, ՆԱՏՕ-ից ԵՄ։ Օրինակ՝ ստեղծված իրավիճակում ՀՀ-ն առաջին դեմքով պետք է մասնակցի սեպտեմբերի 14-ից սկսված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։ Նիկոլ Փաշինյանը իր փայլուն հռետորական ունակություններով պետք է այդ ամբիոնից Հայաստանի և Արցախի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ պահանջի, ներկայացնի Ադրբեջանի վայրագությունները պատերազմի ընթացքում, արգելված զինատեսակների կիրառումը, ռազմագերիներին վերադարձնելուց հրաժարվելը, անօրինական դատավարությունները, պատմամշակութային հուշարձանների ոչնչացումն ու պատմության աղավաղումը, միջազգային նորմերին հակադրվելը, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգությունները ու միջանցքներ պահանջելու անօրինական սպառնալիքները… Որպես այդ ամենը կանխելու առաջին քայլ՝ հորդորի ՄԱԿ-ի ԱԽ-ին քննարկման առարկա դարձնել Արցախի և ՀՀ-ի ներկա կացությունը, պարտադրելով Ադրբեջանին հարգել միջազգային օրենքները և սկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Բաքվի չհամաձայնելու պարագայում ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ սկսել գործընթաց ՙԱնջատում հանուն փրկության՚ տարբերակով, որը կարող է դառնալ միակ քաղաքական միջոցը արցախահայությանը ցեղասպանության կամ տեղահանության վտանգից փրկելու խնդրում։ Վստահաբար նման հեռանկարի վտանգը կարող է ստիպել Ադրբեջանին վերսկսել բանակցային գործընթացը։

3) Պետք է միանգամից գնման գործընթաց սկսել, թեկուզ ԿԲ երաշխավորագրով, բանակի սպառազինությանը ուղղված ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բոլոր առաջարկները։ Մենք ունենք պաշտպանական ժամանակակից և նոր տեխնոլոգիական զինատեսակներ գնելու իրավունք, դրան դեմ չէ ու չի կարող հակադրվել Ռուսաստանը, առավել ևս այն զինատեսակների, որ ինքը չի արտադրում։ 

4) Միջազգային հեղինակություն ունեցող աուդիտորական ընկերություններին պատվիրել նախագծեր ՀՀ բնական ռեսուրսների ամբողջական և շահութաբեր շահագործման առումով, իսկ ջրային ռեսուրսների կառավարման և մետաղաձուլական գործունեության համար ստացված նախագծերը ներկայացնել միջազգային տենդերների։ Ընդառաջ քայլեր անել բարեկամ Ֆրանսիայի հետ նոր և գերժամանակակից ատոմակայան կառուցելու խնդրով, ԱՄՆ-ի հետ վերականգնվող էներգետիկայի, Բրիտանիայի և Չինաստանի հետ ջրային ռեսուրսների և հիդրոէներգետիկայի, Հնդկաստանի, Իրանի և Վրաստանի հետ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ճանապարհների... 

Այո, Հայաստանը ապագա ունի, բայց այդ ապագան իրականություն կարող է դառնալ, եթե Հայաստանը հրաժարվի խեղճի ու կցորդի կարգավիճակից, աշխարհի հետ շփվի բոլոր ուղղություններով՝ որպես անկախ պետություն սպասարկելով միմիայն Հայաստանի շահը։ Չկա աշխարհում որևէ պետություն, որ մնացել է միայն Ռուսաստանի ուղեծրում և բարկեցիկ է, ու ամենաէականը՝ ինքնիշխան։ Չկա ավելի ռիսկային քայլ, քան միայն ռուսական ուղեծրում մնալը։ Բելառուսի կարգավիճակը մեզ պետք է օրինակ լինի, և մենք օր առաջ պետք է քայլեր սկսենք այդ կարգավիճակից խուսափելու համար։
Արամ Սարգսյան

ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ