Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, եռօրյա ժամկետում ազատ կարձակվեն. Պապիկյան

Ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, եռօրյա ժամկետում ազատ կարձակվեն. Պապիկյան
Հայաստան
18:45, 16 сентябрь 2021
Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները , ամենայն հավանականությամբ, եռօրյա ժամկետում ազատ կարձակվեն։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքերով՝ իրանցի վարորդներին արձակելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում, աշխատում են ռուս սահմանապահները, նաև Իրանն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։

Սուրեն Պապիկյանի հավաստմամաբ՝ ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել: «Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը` որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,-հայտարարել է Պապիկյանը:

Անդրադառնալով Որոտանում ադրբեջանցիների կողմից տեղակայված անցակետին, Պապիկյանն ասել է, թե դա Ադրբեջանի գործն է, որին Հայաստանը չի կարող միջամտել, քանի որ ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։

Հիշեցնենք, որ բեռնատարների իրանցի վարորդները ձերբակալվել էին ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված անցակետում: