Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի հայցը Հաագայի դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանի հայցը Հաագայի դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի
Հայաստան
15:57, 17 сентябрь 2021
Հայաստանը հայց է ուղարկել Հաագայի (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան) դատարան։ Երևանը Արդարադատության միջազգային դատարանին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել: «Պաշտպանելու Հայաստանի իրավունքները»,- ասվում է Հաագայի դատարանի հայտարարության մեջ:

«Հայաստանը պնդում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել։ Հայատյացության այս պետական քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են  զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»,- ասվում է փաստաթղթում:

Հաագայի դատարանի hայտարարության մեջ նշվում է, որ դիմումատուն (Հայաստանը-հեղ.)  պնդում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո, որը հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, «Ադրբեջանը  հայ ռազմագերիների, պատանդների և կալանավորված այլ անձանց նկատմամբ շարունակել է իրականացնել սպանություններ, խոշտանգումներ,  բռնություն գործադրել»:  Այսպիսով, Հայաստանը դատարանից պահանջում է «պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխելու հետագա վնասները և փոխհատուցելու արդեն պատճառված վնասները»: Այն խնդրում է Դատարանից, իրավիճակի ծայրահեղ հրատապությունից ելնելով, որոշակի նախնական միջոցառումներ նշել։

Այս մասին գրում են նաև միջազգային լրատվականները։ Ֆրանսիական France24 լրատվականը գրում է, որ Հայաստանը հինգշաբթի իր հակառակորդ Ադրբեջանին «բերել» է ՄԱԿ-ի գերագույն դատարան՝ նրան մեղադրելով տասնամյակներ շարունակ իրավունքների ոտնահարման մեջ, ներառյալ անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը: Հայաստանի հայցը հիմնված է այն պնդման վրա, որ Ադրբեջանը խախտել է «ՄԱԿ-ի ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային դաշնագիրը:  Հայաստանը նաև պնդում է, որ ենթադրյալ խախտումները կրկին արտահայտվել են 2020 թվականի սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայից հետո:

France24-ը նշել է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է մեղադրանքներ ներկայացնում՝  հայտարարելով, որ «պատասխանատվության կենթարկի Հայաստանին» իր ժողովրդի իրավունքները ոտնահարելու համար և, ի պատասխան հայկական կողմի այս քայլի, սեփական դատական գործընթացները կսկսի՝ ընդդեմ Հայաստանի:

«Առաջիկա օրերին մենք պատասխանատվության կկանչենք Հայաստանին խտրականության մասին կոնվենցիայի խախտումների համար»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, գրում է France24-ը։

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի  հիմնական դատական մարմիններից մեկն է։ Հիմնադրվել է 1945 թվականին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և լուծում է անդամ պետությունների միջև ծագած իրավական վեճերը ու տալիս խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացած գործակալություններին։ Դատարանը բաղկացած է 15 դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգութան խորհրդի կողմից՝ ինը տարի ժամկետով։ Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)։

Սյուզի Սիրականյան