Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի ձեռքբերումներն ու անելիքները. ինչպիսին պետք է լինեն բիզնեսի ու մրցակցային մարմնի հարաբերությունները․ Տեսանյութ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կայացավ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 20-ամյակին նվիրված համաժողովը։ Համաժողովին ներկա էին ոչ միայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այլ նաև հայաստանյան միջազգային գործընկերները, այդ թվում՝ Վրաստանի ազգային մրցակցության գործակալության նախագահը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը, Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահը։  

Բացման խոսքով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ շեշտադրելով, որ 2001թ. սկսած հանձնաժողովը լուրջ կայացման ուղի է անցել՝ ընդլայնվել և հստակեցվել են հանձնաժողովի լիազորություններն ու իրավասությունները, ինչպես նաև բիզնեսի ու հասարակության գիտակցության մեջ բարձրացվել է հանձնաժողովի դերը։ 
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում մեջբերեց, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, մրցակցության օրենքների ընդունումից զատ, նաև արդյունավետ է կիրառել  այդ օրենքները, ինչի շնորհիվ զարգացել է մրցակցության մշակույթը Հայաստանում։ 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, խոսելով ձեռքբերումներից, անդրադարձավ նաև սննդամթերքի շուկային. «Կարագի շուկայում ապահովել են հավասար պայմաններ մանրածախ շրջանառության ոլորտի տնտեսվարողների համար, վերացվել են մուտքի խոչընդոտները»։

«Շաքարավազի շուկայում վերացել են խտրական պայմանները, ավելացել է շուկայի մրցակիցների թիվը, իսկ կաթնամթերքի շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների գրեթե կրկնակի նվազում է։ Ինչ վերաբերում է գովազդին, ապա հանձնաժողովի գործունեության արդյունքում անբարեխիղճ գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դեպքերի էական նվազում կա»։ 

Գեղամ Գևորգյանը կարևորեց նաև օրերս  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Արդարադատության ակադեմիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն փորձի փոխանակման, ուսումնական, գիտական և գործնական ոլորտներում, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման ուղղություններով:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Արդարադատության ակադեմիայի միջև ստորագրված հուշագրին, ընդգծեց, որ դատարանը պետք է ազատ լինի որոշելու՝ բիզնեսն է ճիշտ ասում, թե մրցակցային մարմինը։

Բաբկեն Պիպոյանը, խոսելով Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի գործառույթներից, իր տեսակետը հայտնեց, որ բիզնեսի շահերի պաշտպանն ու գործընկերը միայն էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ մնացած կառույցները, որոնք լիազորված են վերահսկելու, սանկցիոն են։ Այս առումով ՀԿ նախագահի ներկայացմամբ՝ համաժողովի ժամանակ ելույթները շեշտադրված էին բիզնեսի նկատմամբ ոչ թե պատժիչ, այլ գործընկերային, կանխարգելող հարաբերությունների ձևավորմանը, մինչդեռ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովը պետք է հարկ եղած դեպքում պատժիչ միջոց կիրառի։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում