Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները շարունակում են զարմացնել, սակայն նորություն չեն․ Fip.am

Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները շարունակում են զարմացնել, սակայն նորություն չեն․ Fip.am
Հայաստան
18:37, 17 сентябрь 2021
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում և մամուլում կրկին ակտիվորեն քննարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջան-Թուրքիա թռիչքները։ Հատկանշական է, որ պատերազմի ավարտից ի վեր յուրաքանչյուր նման հրապարակում ուղեկցվում է մեկնաբանությամբ, թե տեղի ունեցողը «առաջին անգամ է»՝ Արցախյան առաջին հակամարտությունից ի վեր։

Սեպտեմբերի 8-ին ռուսական Вестник Кавказа-ն գրեց, որ Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ ադրբեջանական ինքնաթիռը ներքին թռիչք է իրականացրել Հայաստանի օդային տարածքով։

Նյութն ակտիվորեն տարածվել էր նաև հայկական լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում։

Չնայած այն փաստին, որ Հայաստանի օդային տարածքի՝ թուրքական և ադրբեջանական ինքնաթիռների համար փակ լինելը հերքվել էր մի քանի անգամ, հակառակը պնդող տեղեկությունները շարունակում են մեծ ակտիվությամբ տարածվել  լրատվականների և սոցիալական ցանցերի հայկական էջերում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել նաև ռուսական լրատվականի տարածած պնդումը՝ Գյանջա-Նախիջևան թռիչքի մասին։

«Վեստնիկի» ինքնաթիռը 

Вестник Кавказа-ն, որպես Հայաստանի օդային տարածքով առաջին թռիչք, նշել էր «Թուրքական ավիաուղիների» TK326 (TC-JHU գրանցման համարով) ինքնաթիռը։ Այդ ինքնաթիռն իսկապես սեպտեմբերի 4-ին Հայաստանի օդային տարածքով իրականացրել էր Բաքու-Նախիջևան թռիչք։ Իրականում, սակայն, ուսումնասիրելով ինքնաթիռի թռիչքների պատմությունը, տեսնում ենք, որ նույն ինքնաթիռը նմանատիպ թռիչք իրականացրել է առնվազն սկսած այս տարվա մայիսից։ Ինքնաթիռի իրականացրած թռիչքների պատմությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Այսինքն՝ ռուսական լրատվամիջոցի պնդումը, թե սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած թռիչքն առաջին «ներքին» թռիչքն էր, նկատի ունենալով Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն թռիչքը, իրականությանը չի համապատասխանում․ նման թռիչքներ իրականացվել են առնվազն մայիսից։ Սակայն մինչ այդ և այժմ էլ դեպի Նախիջևան թռիչքների մի մասն իրականացվում է հարևան Իրանի տարածքով։

Թռիչքները պատերազմից հետո
Հայաստանի օդային տարածքով դեպի Ադրբեջան, որոշ դեպքերում՝ տարբեր երկրների կառավարական ինքնաթիռների Երևան-Բաքու կամ հակառակ ուղղություններով թռիչքները խուճապ էին առաջացնում մամուլում և սոցիալական ցանցերում։

Հայաստանի օդային տարածքով դեպի Թուրքիա թռիչքների մասին առաջին գրառումները հայտնվեցին պատերազմից շատ չանցած՝ նախորդ տարվա դեկտեմբերին, և շարունակվում են մինչ օրս։

Այսպես, «Թուրքական ավիաուղիներ» ընկերության, ինչպես նաև արտասահմանյան այլ ընկերությունների ինքնաթիռներ ակտիվորեն օգտագործում են Հայաստանի օդային տարածքը՝ դեպի Ադրբեջան կամ դեպի Թուրքիա թռիչքների համար՝ սկսած նախորդ տարվանից։ Սակայն նախկինում նմանատիպ թռիչքների սակավությունը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ Հայաստանի օդային տարածքը փակ էր, այլ պարզապես զգուշավորության հետևանք էր։

Հետաքրքրական է, որ վերջին շրջանում տեղեկություն տարածվեց, որ Թուրքիան է միակողմանիորեն փակել իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն «Հետքին» հայտնել էր, որ 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ Ադրբեջանը դեռ պատերազմ չէր սկսել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները Թուրքիայի օդային տարածքով արգելվել էին՝ առանց հիմնավորման և պաշտոնական ծանուցման։

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանը, Քաղավիացիայի կոմիտեից, ըստ էության, չպարզաբանեցին Թուրքիայի օդային սահմանի բաց կամ փակ լինելու հարցը՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով։ «Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է տվյալ պետության աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, սակայն Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից պաշտոնապես որևէ արգելք կամ սահմանափակում չի հրապարակվել»,- նշել են պատասխանի մեջ։

Պաշտոնական պարզաբանումը
Այս տարվա ամռանը, երբ կրկին նմանատիպ խոսակցություններ տարածվեցին, «Ինֆոքոմը» ստացել էր Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը, ըստ որի՝ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման։

«Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- խմբ.) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, և մոտեցումը դա է»,- նշված է պարզաբանման մեջ։

Ըստ այդմ, Հայաստանի օդային տարածքը բաց էր և շարունակում է բաց մնալ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ինքնաթիռների համար։ Արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիայում գրանցված ինքնաթիռները ակտիվորեն թռիչքներ են իրականացնում Հայաստանի օդային տարածքով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում գրանցված ինքնաթիռներին, ապա FIP.am-ին Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ վերջիններս Հայաստանի օդային տարածքով թռիչքները դադարեցրել էին 2014 թվականից։

Աղբյուր՝ Fip.am