Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրան ուղևորափոխադրում իրականացնելու համար մեր ավտոբուսները Տաթևի ճանապարհով են երթևեկում՝ շրջանցելով ադրբեջանական անցակետը»․ «Ինտեր Տրանս»-ի տնօրեն

«Իրան ուղևորափոխադրում իրականացնելու համար մեր ավտոբուսները Տաթևի ճանապարհով են երթևեկում՝ շրջանցելով ադրբեջանական անցակետը»․ «Ինտեր Տրանս»-ի տնօրեն
Հայաստան
19:00, 17 сентябрь 2021
«Վերջին երկու օրերին Իրան-Հայաստան և հակառակ ուղությամբ ուղևորափոխադրումներ իրականացնող մեր ընկերության վարորդները երթևեկում են Տաթևի ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցնում էին և ամեն վարորդից 70 դոլար պահանջում, ինչպես նաև ուղևորների անձնագրերն էին ստուգում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Didar Seyr Gity ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ «Ինտեր Տրանս»-ի տնօրենը՝ Կարինե Հարությունյանը։

Նա նաև հավելեց, որ Տաթևի ճանապարհով երթևեկելիս իրենց ավտոբուսները վնասվել են, քանի որ ճանապարհը դեռևս ամբողջությամբ վերանորոգված չէ։ 

«Տաթև Տ.Տ.Տ.» ՍՊԸ-ից մեզ ևս փոխանցեցին, որ իրենք ամեն օր ուղևորափոխադրումներ են իրականացնում Հայաստանից Իրան ու հակառակ ուղղությամբ և վերջին օրերին Գորիս-Կապան ադրբեջանական անցակետում կանգնելու խնդրից խուսափելու համար Տաթևի ճանապարհով են երթևեկում։ 

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ 

Նշենք նաև, որ Ադրբեջանի ոստիկանական անցակետում իրանցի վարորդներից ադրբեջանցիները փաստաթղթերի ձևակերպման և ճանապարհի այդ հատվածով անցնելու համար գումար են պահանջում։