Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անուն առ անուն խոնարհվելով հանուն մեր Ազատության եւ Անկախության նահատակված հերոսների հիշատակի առաջ․ Հանուն Հանրապետության կուսակցության ուղերձը Անկախության 30-ամյակի առթիվ

Անուն առ անուն խոնարհվելով հանուն մեր Ազատության եւ Անկախության նահատակված հերոսների հիշատակի առաջ․ Հանուն Հանրապետության կուսակցության ուղերձը Անկախության 30-ամյակի առթիվ
Հայաստան
11:07, 21 сентябрь 2021
Այսօր մեր պետականության կարեւորագույն իրադարձության տարեդարձն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը։

Թոթափելով օտարի լուծը, ազատատենչ հայ ժողովուրդը երեսուն տարի առաջ ձեւակերպեց եւ ամբողջացրեց բազում սերունդների դարավոր երազանքը՝ ստեղծել անկախ պետականություն, որը յուրաքանչյուր հայի ազատության միակ հուսալի երաշխքին է։ Երեսուն տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեով ազդարարեց իր միասնական եւ անբեկանելի կամքը՝ չարիքի կայսրության փլատակների վրա կառուցել Ազատ եւ Անկախ Հայաստանի Հանրապետություն։ 

Մենք նշում ենք այս պանծալի տարեդարձը 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքները հաղթահարելու ճանապարհին չտրվելով օտարի կողմից հրամցվող պատրանքների, չընկրկելով մեր Անկախության թշնամիների դավերի եւ ճնշումների առաջ, չընկճվելով արհավիրքներից, դժվարություններից եւ ճգնաժամերից, անսասան վստահությամբ եւ հավատով մեր ապագայի նկատմամբ, անվարան վճռականությամբ՝ հաղթահարելու մեր իրավունքների եւ ազատությունների, մեր ինքնության դեմ հառած մարտահրավերները, անուն առ անուն խոնարհվելով հանուն մեր Ազատության եւ Անկախության նահատակված հերոսների հիշատակի առաջ՝ փոխանցելով մեր հույզերը, մտքերը, հույսը և հավատը մեր զավակներին։ 

Անկախ մեր քաղաքական նախասիրություններից, համոզմունքներից, Անկախության տարեդարձը միավորում է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ողջ հայությանը, Հայաստանը Հայրենիք համարող՝ հայաստանաբնակ այլ ազգերի ներկայացուցիչ մեր եղբայրներին եւ քույրերին։

Մեր անկախ պետությունը բազում փորձություններից պատվով է դուրս եկել՝ չկորցնելով իր վստահությունն ու հավատն ապագայի նկատմամբ։ Անկախության սպասված տարեդարձը գալիս է վերաիմաստավորելու հայ ժողովրդի հերոսական պայքարը, մեր անկախության անցած ողջ ճանապարհը, զանազանելու անցողիկը հավերժից, հարթելով եւ նոր լիցք հաղորդելով մեր ներկա եւ ապագա ընթացքին։ 
Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելությանը ապրելու, գործելու, արարելու և ծառայելու հանուն մեր Ազատ եւ Անկախ Պետականության, նրա պաշտպանության ու անվտանգության, կանգնելու մեր կարեւորագույն նվաճումների՝ մեր ազատությունների եւ ժողովրդավարության թիկունքին։ 

Շնորհավո՛ր Տոնդ, Հայաստա՛ն։ 

Հանուն Հանրապետության Կուսակցության 
Քաղաքական Խորհուրդ