Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք անցել եք քաղաքականության գիծը, մտածե՞լ եք հրաժարական տալու մասին»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

«Դուք անցել եք քաղաքականության գիծը, մտածե՞լ եք  հրաժարական տալու մասին»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին
Հայաստան
17:05, 02 март 2021
«Դուք հայտարարություն եք արել քաղաքական պատճառներով, այստեղ չքմեղանալ պետք չէ, հասկանում ենք, թե դուք առհասարակ ինչպես եք դատավորներին ծանուցում, թե իրենք ինչպես պետք է գործեն։ Դրա համար պետք չէր մարտակոչով հանդես գալ։ Եվ այդ մարտակոչն իրականում ոչ թե դատավորներին էր ուղղված, այլ քաղաքական դաշտի այն հատվածին, որոնք ըստ էության ձեր հանձնարարությամբ ու ձեր մարտակոչով ուղղակի պաշտպանության տակ վերցվեցին դատական համակարգի կողմից»,- ԱԺ նիստում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Վարդազարյանը Բաբաջանյանին արձագանքեց․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ կոչը քաղաքական չի եղել, դա զսպման կոչ է եղել դատավորներին։ Եվ քաղաքական դրդապատճառ նույնպես իմ կոչը չի ունեցել։ Իսկ ինչպես դուք եք մեկնաբանում իմ կոչը, ապա դուք ինձանից լավ գիտեք և Դատախազության, և Հատուկ քննչական ծառայության տեղը, և եթե գտնում եք, որ իմ կոչում կա հանցակազմ, ես չէ, որ ձեզ ձևերը պետք է բացատրեմ»։

«Պարոն Վարդազարյան, խնդրում եմ մի վիրավորեք մեր բանականությունը, ի՞նչ է նշանակում՝ իմ հայտարարությունը չի ունեցել քաղաքական կոմպոնենտ»,- ԲԴԽ նախագահին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը եւ հավելեց․ «Դուք անցել եք քաղաքականության գիծը։ Հաշվի առնելով այս ամենը՝ մտածե՞լ եք արդյոք հրաժարական տալու մասին։ Եվ եթե չեք մտածել, արդյոք կարծում եք, որ կարելի է մտածել այդ ուղղությամբ»,- հարցրեց Ռուբինյանը։

Ռուբեն Վարդազարյանն ի պատասխան Ռուբինյանի ասաց, որ չի մտածել հրաժարական տալու մասին․ «Եվ արդյոք ժամանակն է, թե ոչ, թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»։

Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Դե հիմնավորեք, թե ինչո՞ւ եք օգտագործել վնգստացող դատավորների հատվածը ձեր հայտարարության մեջ, ի՞նչ եք նկատի ունեցել։ Ինչի՞ց էիք ուզում զսպել դատավորներին»։

«Կոչս հետևյալն էր՝ սթափվել և չտրվել քաղաքական որևէ գործընթացի, մնալ օրենքի սահմաններում, գործել բացառապես օրենքով ու իրավունքի գերակայության սկզբունքով»,- պատասխանեց ԲԴԽ նախագահը։