Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը նախապես մտածված է, դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Factor.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքում Յուրի Խաչատուրովի հայտնած համախոհությանը՝  վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ԳՇ հայտարարությանը: Պատգամավորը նշեց, որ ԳՇ նախկին պետը իր ելույթը սկսել է «Ազգ-բանակ-հաղթանակ» կարգախոսով, և որ այդ կարգախոսն ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հիմքում, որոնցում իր ներդրումն են ունեցել նաև Խաչատուրովը և այլ գեներալներ, հայտնում է Factor.am-ը։

«Բայց այդ կարգախոսը փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016-ի Ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր: Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը փաստորեն ողջունում է դրանք:

Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով»,- նշեց Քոչարյանը: Նա նաև հավելեց, որ նախքան ԳՇ հայտարարությունը, ընդդիմությունը նաև բանակի գեներալիտետին էր մեղադրում պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը: «Բանակը այս պահին պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և ԶՈՒ ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ: Իսկ մեզ համար գլխավոր խնդիրը ներքին անվտանգության ու կայունության ապահովումն է»,- ընդգծեց պատգամավորը: