Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամարասի վանքի պարսպից ռուս խաղաղապահների խնդրանքով նախօրեին հեռացված Արցախի դրոշը կրկին տեղադրվել է, իսկ ադրբեջանցիները հետ են քաշվել իրենց ելման դիրքեր. Արցախի թեմի քահանա

Ամարասի վանքի պարսպից ռուս խաղաղապահների խնդրանքով նախօրեին հեռացված Արցախի դրոշը կրկին տեղադրվել է, իսկ ադրբեջանցիները հետ են քաշվել իրենց ելման դիրքեր. Արցախի թեմի քահանա
Հայաստան
15:37, 24 сентябрь 2021
Օրերս Ադրբեջանի զինծառայողները առաջ էին եկել դեպի Արցախի Ամարաս վանք՝ դիրքավորվել ու տեղադրել Ադրբեջանի դրոշը։ Ադրբեջանի զինծառայողներին հետ էին ուղարկել ելման դիրքեր ռուս խաղաղապահները։   

Civic.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը նշեց, որ Ադրբեջանի զինծառայողների առաջացած հատվածում հայկական դիրքերի միջև եղած հեռավորությունը մեծ է։ Այսինքն՝ նրանք առաջացել էին հայկական միջդիրքային հատվածով: «Նրանք առաջ էին եկել, որպեսզի դիրքավորվեն, ռուսներն էլ գնացել են ու հետ շպրտել»,-ասաց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ այդ հատվածում բնակելի տներ չկան։ 

Արցախի թեմից Տեր Անդրեաս քահանա Թավադյանը մեզ հետ զրույցում, պատմելով տեղի ունեցածի մասին, նշեց, որ Ադրբեջանի զինծառայողները իրենց դիրքից առաջ էին եկել մոտ 1000 մետր՝ գրեթե հասնելով Ամարասի վանք։ Քահանայի տեղեկությամբ՝ ռուս խաղաղապահները երբ հետ են մղել Ադրբեջանի զինծառայողներին՝ նաև պահանջել են այդ առաջացած տարածքից հանել Ադրբեջանի դրոշը. «Խոսակցությունն այնպես էր, որ ադրբեջանցիներն առաջ էին եկել և հասել գրեթե վանական համալիրի մոտ ու դիրքավորվել և այդտեղ իրենց դրոշն էին բարձրացրել։  Ռուս խաղաղապահները գնացին ու հետ ուղարկեցին իրենց, հետո իրենց դրոշը հանեցին։ Ռուս խաղաղապահների մեկնաբանությամբ՝ ադրբեջանցիներն ասել են՝ եթե մենք Ադրբեջանի դրոշը հանում ենք, ապա Ամարասի վանքի պարսպից Արցախի դրոշն էլ պետք է հանեք»։ 

Տեր Անդրեասի խոսքով՝ ռուս խաղաղապահները Արցախի դրոշը Ամարասի վանքի պարսպից հեռացնելու խնդրանքը վանքի պահակի միջոցով էին փոխանցել, բայց թե ում՝ չգիտի։ Այդ դեպքից հետո թեպետ Արցախի դրոշը հանել էին, սակայն քահանան ասաց, որ վանքին մոտ գտնվող գյուղերի երիտասարդները երեկ նորից դրոշը տեղադրել են. «Ամարաս վանքին մոտ գտնվող գյուղերը Մաճկալաշենն ու Սոսն են. թե որ գյուղի երիտասարդներն են կրկին տեղադրել Արցախի դրոշը՝ չեմ կարող ասել։ Ես երեկ զանգահարեցի, վանական համալիրի պահակն ասաց՝ երեխեքը դրոշը նորից դրել են»։ 

Արցախի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը ևս հաստատեց, որ Արցախի դրոշը Ամարասի վանքի պարսպին է կրկին տեղադրվել և այսօր էլ այնտեղ է։

Նարա Մարտիրոսյան