Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան ճանապարհին իրանական տրանսպորտային միջոցների կուտակումներ այս օրերին չկան. Սյունիքի փոխմարզպետ

Գորիս-Կապան ճանապարհին իրանական տրանսպորտային միջոցների կուտակումներ այս օրերին չկան. Սյունիքի փոխմարզպետ
Հայաստան
17:18, 24 сентябрь 2021
Գորիս-Կապան ճանապարհի վիճելի տարածքի հատվածում իրանական տրանսպորտային միջոցների կուտակումներ այս օրերին չկան։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել Իրանի բեռնատարները, ստուգումներ իրականացնել ու վարորդներից գումար պահանջել։ Նա նաև ասաց, որ օրեր առաջ ձերբակալված 2 իրանցի վարորդներից տեղեկություն չկա։  

Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանական անցակետում հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները չեն կանգնեցնում։   

Նարեկ Բաբայանը, խոսելով Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհից, ընդգծեց, որ շինարարությունն արագ տեմպով է ընթանում. «Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարությունը շատ արագ է ընթանում, ամբողջությամբ վերջացրած կլինեն մոտ 2 ամսից։ Տաթև-Աղվանի հատվածը վերջացրել են, հիմա մնում է Կապանի հատվածի 13 կմ-ը»։ 

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհով բեռնատարների անցնելու հարմարավետությանը՝ մարզպետի տեղակալը նշեց, որ թեպետ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ավելի կարճ է, բայց բեռնատարների համար Գորիս-Կապան ճանապարհն ավելի հարմարավետ է: «Տաթև-Աղվանի ճանապարհին թեք ոլորաններ են, և շատ բարձած բեռնատարների վարորդները պրոբլեմ են ունենում անցնելիս, իսկ Գորիս-Կապան ճանապարհով ավելի թեթև են անցնում։ Հիմա վարորդները կնախընտրեն քիչ բարձել բեռնատարներն ու Տաթև-Աղվանիով գալ, թե շատ կբարձեն ու Գորիս-Կապանով կգան և հարկեր կվճարեն ադրբեջանական անցակետում՝ ես դա արդեն չեմ կարող ասել»,- ասաց Նարեկ Բաբայանն ու հավելեց, որ Տաթև-Աղվանիով անցնելիս կցորդիչով բեռնատարների դժվարանցանելիությունը ևս պայմանավորված է ճանապարհի թեք ոլորաններով։  

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում սեպտեմբերի 12-ից Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։

Նարա Մարտիրոսյան