Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ալիևը ճանաչի կամ չճանաչի, Արցախը կա, եղել է և կլինի հավերժ, և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Արցախի ԱԳ նախարար

«Ալիևը ճանաչի կամ չճանաչի, Արցախը կա, եղել է և կլինի հավերժ, և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Արցախի ԱԳ նախարար
Հայաստան
18:36, 28 сентябрь 2021
«Ալիևը ճանաչի կամ չճանաչի, Արցախը կա, եղել է և կմնա և կլինի հավերժ, և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- անդրադառնալով Արցախի մասին Ալիևի վերջին հայտարարություններին՝ Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ հավելելով․ «Ճիշտ է ասում՝ Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, սա Իլհամ Ալիևի կողմից արված միակ հայտարարությունն է, որի հետ կարելի է միանգամայն համաձայնվել, այո, Ադրբեջանում չկա Ղարաբաղ միավորում և չի էլ լինելու, որովհետև մեզ համար ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի կազմում գոյություն ունենալը բացառված է։ Մենք լրիվ համաձայն ենք իր հետ, որովհետև Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ 

Նշենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք,  և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում, թող իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով հանրապետություն, կազմավորում, միավորում, և իրենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում»:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արցախի ԱԳ նախարարն ասաց․ «Եթե ինքն էլ է ընդունում, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն՝ այս ուղղությամբ պետք է սկսենք բանակցություններն՝ իրենք ճանաչեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և փորձենք համապարփակ լուծում գտնել այս հակամարտությունում: Մենք էլ ենք ասում՝ այո, չկա և չի կարող լինել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե ինքն էլ է դա ընդունում, եկեք սկսենք բանակցել այս հարցի շուրջ»,- նշեց Բաբայանը՝ շարունակելով․ «Ինչ վերաբերում է մեզ հանգուցյալ անվանելուն, ապա ասեմ հետևյալը՝ մենք 18 հազար տարի ենք առնվազն ապրում մեր պատմական հայրենիքում, մեր հողում, և բազմաթիվ կայսրություններ ենք թաղել և մասնակցել նրանց հուղարկավորությանը։ Ադրբեջանն առաջինը չէ և վերջինը չէ այս ցուցակում»։