Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԷՑ-ի բացառիկ իրավունքը կսահմանափակվի միայն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայությամբ. մատակարարներն ազատ շուկայական գնով կվաճառեն էներգիան․ Տեսանյութ

2019 թվականից մեկնարկած էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը գրեթե ավարտին է մոտենում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը նախատեսում են 2022թ. փետրվարի 1-ից։   

Գարեգին Բաղրամյանն ընդգծեց. «Գործելու է էլեկտրոնային հարթակ՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտուրը՝ արտադրությունը, վաճառքը, դեպի մատակարարներ, ինչպես նաև արտահանումն ու ներկրումը իրականացնելու համար»։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից բացի, այլ ընկերություններ ևս կկարողանան ստանալ մատակարարման լիցենզիա և, ունենալով հնարավորություն էլեկտրոնային հարթակում ձեռք բերել էլեկտրաէներգիա, կունենան իրենց համապատասխան սպառողները և սպառողներին կվաճառեն էներգիան ազատ շուկայական գներով։ 
 
Այն բաժանորդները, ովքեր չեն կարողանա մասնակցել մեծածախ շուկայի առևտրին, այսինքն՝ բնակիչ-բաժանորդները, երաշխավորված էներգիան կշարունակեն ստանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։ 

ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ ՀԷՑ-ի բացառիկ իրավունքը միայն կլինի բաշխման ծառայության մատուցման մասով, քանի որ ենթակառուցվածքները բնական մենաշնորհներ են, և տնտեսապես նպատակահարմար չէ այլ մասնակից ունենալ։ 

Այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ներկայացման ժամանակ ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Լեյթինենը հիշատակեց, որ արդեն երկու տարի է՝ համագործակցում են Հայաստանի կառավարության հետ, և աջակցությունն ուղղված է էլեկտրաէներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու գործընթացին ու էներգետիկայի վերականգնմանը։  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը կարևորեց էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացումը՝ նշելով, որ հավասար մրցակցային պայմաններ կլինեն, գործընթացը կնպաստի նաև սակագների կայունացմանն ու տարածաշրջանային առևտուրը նոր մակարդակի կբարձրացնի։ 

Ծրագրի երեք հիմնական ուղղություններն են՝ էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացումը, էներգամատակարարման դիվերսիֆիկացումը և Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի խթանումը։  

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման հարցում համագործակցում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և էներգետիկ ոլորտի ընկերությունների հետ։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում