Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ. Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպանին

Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ. Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպանին
Հայաստան
18:05, 29 сентябрь 2021
Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում:

Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է, և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին հասցնելու և նորերի մեկնարկն ազդարարելու համար:

Փոխվարչապետը գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետևողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:

Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունն ավելի է ընդլայնվելու:

Դեսպանը վկայակոչել է վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և համագործակցության աճող դինամիկան՝ նկատելով, որ երկու երկրներում ձևավորվել են երիտասարդ գործիչների կառավարություններ, որոնք ակտիվ և եռանդուն աշխատանք կտանեն երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: