Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախին հատկացվեց 13 մլրդ 473 մլն դրամ. 2020թ. նոյեմբերից հետո Արցախին տրվող աջակցությունը մոտեցավ 100 մլրդ դրամի. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստում այժմ քննարկվում է պետբյուջեում վերաբաշխում անելու և Արցախի կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի կառավարությանը գումար հատկացնելու հարցը:

«Քննարկման ենք ներկայացրել Արցախի Հանրապետությանը 2021թ. բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորման կուտակային հատկացումների, կապիտալ ներդրումների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության ծրագրերի և կառավարության կողմից այլ կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցը: Ֆինանսական միջոցների հանրագումարը կազմում է 13 մլրդ 473 մլն դրամ»,- նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես նշեց նախարարը, հատկացումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը սկսվելուց առաջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս դրամական աջակցությամբ 2020թ. նոյեմբերից հետո Արցախին տրվող աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամի, և մենք շարունակելու ենք այս գործընթացը, սակայն մի նկատառումով. սոցիալական աջակցության ծրագրերը պետք է ավելի ու ավելի շատ փոխարինենք զարգացման ծրագրերով»: